Մեր ֆիլմը անցավ բոլոր էտապները, ինչպես իրական կյանքում. Հասմիկ Մովսիսյան

09 Նոյեմբերի 2023, 22:30

Մշակույթ

Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքը մի պատանու մասին է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկին նստած Արցախից Հայաստան է տեղափոխում իր ամբողջ ընտանիքին և ևս մի քանի հոգու:

Պատանին, Արցախի Մարտակերտի շրջանից մինչև Հայաստան մեքենան վարելով, անցնում է 250 կիլոմետր: Հենց այդպես՝ «250 կիլոմետր» էլ կոչվում է Հասմիկ Մովսիսյանի կարճամետրաժ ֆիլմը, որը 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում է տարբեր կինոփառատոներին մրցանակներ շահել՝ առաջադրվելով ոչ թե որպես դիպլոմային աշխատանք, այլ որպես լիարժեք կարճամետրաժ ֆիլմ:

Alpha News-ի հետ զրույցում Հասմիկ Մովսիսյանը պատմում է, որ ֆիլմի հիմնական դերակատարների մեծ մասը ինչպես 44-օրյայի ժամանակ էին անցել Արցախը Հայաստանին կապող կիլոմետրերը, այնպես էլ երկու տարի անց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ արդեն բոլոր-բոլորը անցան այդ երկար ուղով:

«Մեր ֆիլմը անցավ բոլոր էտապները, ինչպես իրական կյանքում: «250 կիլոմետրը» պետք է դառնար փրկության ճանապարհ, հետո բլոկադայի ժամանակ այդ ճանապարհը փակվեց, իսկ հիմա այդ ճանապարհը ուղղակի չկա», — ասում է կինոռեժիսորը: