«Մեր գործը» հիմնադրամը նախաձեռնում է մարդասիրական ծրագիր՝ Արցախի և Հայաստանի երեխաների մասնակցությամբ
19 Հուլիսի 2024, 20:30
«Մեր գործը» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է մարդասիրական ծրագիր, որին կմասնակցեն նաև Հայաստանի և Արցախի տաղանդավոր երեխաները։ Այս մասին հաղորդվում է հիմնադրամի կայքում։
«2022թ․ մենք օգնեցինք արցախցի երիտասարդ արվեստագետներին մասնակցել Վլադիմիր քաղաքում անցկացված պլեներին, որը պարբերաբար կազմակերպում է «Խաղաղության տուն» միջտարածաշրջանային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։
Մեր տաղանդավոր երիտասարդները ոչ միայն մասնակցեցին դրան, այլև դարձան մրցանակակիրներ ու հաղթողներ։ Իսկ այս տարի «Խաղաղության տունը» կազմակերպում է 23-րդ միջէթնիկական պլեները: Նախատեսվում է նաև մի քանի պատանի նկարիչների մասնակցություն Հայաստանից և Արցախից։
«Մեր գործը» բարեգործական հիմնադրամը նախատեսում է մասնակիորեն ֆինանսավորել ծրագիրը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։