Մեր համայնքը թույլ չէ, հզոր է, և մենք ապացուցինք, որ կարող ենք տեր կանգնել մեր հողերին․ Սեդրակ Պալյան

17 Նոյեմբերի 2023, 23:20

Քաղաքականություն

Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է «Կովերի պարտեզի» գործարքը։ Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները փորձել են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի մարտավարություն։

Alpha News-ը ուղիղ եթերում խոսել է «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանի հետ, ով տեղում ներկայացրել է իրավիճակը։

«Նամակը ստանալուց հետո իրենք սկսեցին քանդել պատը։ Նրանց ինչ-որ չափով դա հաջողվել էր, բայց համայնքը հոգևորականների և պատրիարքարանի հետ միասին նրանց կանգնեցրեց։ Մի քանի օր անց նրանք սկսեցին հարձակվել մեր վրա զինված վերաբնակների և շների հետ՝ կարծելով, որ համայնքը խաղաղ, բայց վախկոտ համայնք է։ Մենք իրենց ապացուցեցինք, որ Երուսաղեմի հայկական համայնքը ուժեղ է ու պաշտպանելու է իր հողը»,- ասաց Պալյանը։

Նրա փոխանցմամբ՝ Երուսաղեմի ոստիկանությունը ապօրինաբար փորձել է ներծուժել տարածք, բայց չեն կարողացել։

«Մենք որոշել ենք մոտենալ «Կովերի պարտեզ» կալվածքին ու վերականգնել մեր ներկայությունն այնտեղ։ Այս երկու օրերին Երուսաղեմի ոստիկանությունը ապօրինաբար փորձեց ներխուժել տարածք։ Ինչու ապօրինաբար, քանի որ ներս մտնելու որոշում դատարանի կողմից չկար։ Իսկ մենք ողջ համայնքով կանգնեցրինք նրանց ու թույլ չտվեցինք ներխուժել մեր տարածք»,- նշեց Պալյանը։