Մեր հրամանատարը պետք է փոխվի, որպեսզի հրաման տվող լինի բանակին. Վիգեն Սոսիկյան
22 Հուլիսի 2023, 10:55
Արցախին օգնելու մեկ ձեւ կա՝ Հայաստանի բանակը պետք է գնա եւ բացի այդ ճանապարհը՝ չնայած, որ մենք ունենք Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարություն, բանակը պետք է այդ գործն անի: Alpha News-ի եթերում նման կարծիք հայտնեց ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Սոսիկյանը՝ շեշտելով, որ ինքը ոչ թե պատերազմի, այլ ցեղասպանությունը կանխելու կոչ է անում:
«Ե՞րբ է եղել մեր պատմության մեջ՝ թուրքերին խնդրենք, որ մեզ ինչ-որ բան նվիրեն, չի՛ եղել, մեկ ձեւ կա այդ հարցը լուծելու՝ զենքով կա փրկություն: Մենք պետք է պայքարենք, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակառակ ընթացքի մեջ է, հանձնել է Արցախը, բավարար զենք չի գնել, Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրել է: Այսինքն՝ այսօր մենք պետք է ասենք, որ եթե չենք կարողանում ուժով բացել այդ ճանապարհը, 120 000 հայ ենք կորցնելու: Եթե պետք է կռվել ու 120 000 հայ փրկել, ուրեմն պետք է կռվել, իսկ ոմանք, եթե կարծում են, որ 120 000 հայ զոհելով, Արցախը հանձնելով՝ Հայաստանը պետք է ծաղկի ու փրկվի, թող նայեն Երասխի իրականությունը, որտեղ ադրբեջանական զինուժը կրակում է, որտեղ Ադրբեջանը փորձում է արգելել գործարանի կառուցումը»,- նշեց Վիգեն Սոսիկյանը:
Իսկ որպեսզի բանակը բացի Արցախի ճանապարհը, ամերիակահայ քաղաքական գործիչը կարծում է, որ նախ պետք է իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
«Մեր հրամանատարը պետք է փոխվի, որպեսզի հրաման տվող լինի բանակին»,- շեշտեց Սոսիկյանը եւ շարունակեց. «Սփյուռքն էլ անելիք ունի, պետք է ճնշում գործադրել Սփյուռքոմ գործող բոլոր քաղաքական ուժերի վրա: Օրինակ՝ Ամերիկայի կառավարությունն այսօր հետեւում եւ համահունչ է քայլում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, Փաշինյանը չի խոսում ինքնորոշման մասին եւ ասում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, նույն բանը Ամերիկայի իշխանություններն են ասում: Մենք պետք է կարողանանք բացատրել իշխանություններին, որ եթե Նիկոլ Փաշինյանը հակահայ է, հանձնել է Արցախը, պետք չէ, որ Միացյալ Նահանգներն էլ նույնն անի: Մենք պետք է ամեն ձեւ, այդ թվում՝ցույցերով, համոզենք, բացատրենք, ճնշենք Ամերիկային, որ պետք չէ, որ իրենք հետեւեն Հայաստանի իշխանություններին, որովհետեւ հանդիպումների ժամանակ շատ ենք լսել, որ իրենք հենց դա են մատնանշում: Օրինակ՝ երբ խոսում ենք ինքնորոշման մասին, իրենք ասում են՝ ձեր իշխանությունը չունի այդ պահանջը»:
Վիգեն Սոսիկյանը նաեւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներից պահանջեց համախմբել հայությանը. «Իրենք պետք է կարողանան համախմբել հայությանը, ընդ որում՝ ոչ թե կոչերով, այլ պետք է ասել, որ մենք ուզում ենք տապալել այն իշխանություններին, որը պետք է հանձնի մեր Արցախը»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:
Արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին: