Մեր ինչի՞ն է պետք այսպիսի ԱԳ նախարար. Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին
31 Մայիսի 2024, 12:22
Արդեն տևական ժամանակ է, որ թուրք-ադրբեջանական իշխանությունները, ձայնակցելով հայաստանյան իրենց գործակալներին կամ ներկայացուցիչներին, ամենավերջին աստիճանով նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունը, ՀՀ սուվերենությունը ու ՀՀ ժողովրդին: Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը, որի գլխավորած երթն այս պահին գտնվում է ՀՀ ԱԳՆ շենքի առջև:
«Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Խոջալուում տեղի է ունեցել ցեղասպանություն, ուստի ՀՀ իշխանությունները ներողություն են խնդրելու դրա համար:
Մենք շատ կասկածներ ունենք, որ արդեն գրավոր ներողություն են խնդրել ու ուղարկել: Ամբողջ ժամանակահատվածում Թուրքիային ու Ադրբեջանին պաշտպանելու համար ինչ ասես իրենց ժողովրդին են ասել: Փոխարենը նրանց պատասխանելու՝ փորձելեն ճնշել այն մարդկանց, որ ասում են՝ ոչ, մենք չենք ընդունում սա:
Այն նվաստացումները, որ թշնամին իր բոլոր հնարավոր տարբերակներով փորձում է մեզ վախեցնել, ստորացնել, նվաստացնել, սա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլև այսօր այստեղ հաշիվ պահանջելու ժամ է: Հստակ հարցադրում ունենք ԱԳ նախարարին: 2023թ. սեպտեմբերին վարչապետը Հայաստանից հակադրվել է ՄԱԿ-ում գտնվող ԱԳ նախարարին: Որևէ երկրի պատմության մեջ որևէ ժամանակ չի եղել, որ ԱԳ նախարարը մի բան ասի, միևնույն ժամին՝ մի ուրիշ երկրի ԱԳ նախարարը այդ նախարարին ստորացնի՝ հղում անելով այդ նախարարի ղեկավարին՝ ասելով քո ղեկավարը այսպես է ասել, դու ոնց ես այսպես խոսում:
Իրենք անպատիվ լինելով՝ այդ անպատվությունը տարածում են բոլորիս վրա: Պատասխան տալու՞ են, թե՞ չեն տալու:
Եթե չի կարող պատասխան, տալ, թող գնա: Մեր ինչի՞ն է պետք այսպիսի ԱԳ նախարար»- եզրափակեց Բագրատ Սրբազանը: