Մեր ժողովուրդն այլևս Հայրենիք փնտրելու կարիք չունի, Հայրենիքը գտնվել է. Փաշինյան

28 Մայիսի 2025, 11:58

Քաղաքականություն

Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում՝ համաձայնեցնելու խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները և հստակեցնելու որոշ հանգամանքներ։ Այս մասին Սարդարապատում Առաջին Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ժողովուրդն այլևս Հայրենիք փնտրելու կարիք չունի, Հայրենիքը գտնվել է։ Այսօր մենք ավելի քան երբևէ պետություն ենք, ավելի քան երբևէ ինքնիշխան ենք: 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է»,-հավելել է նա։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում՝ համաձայնեցնելու խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները և հստակեցնելու որոշ հանգամանքներ։

Նա նշել է, որ ակտիվ երկխոսություն է ընթանում նաև Թուրքիայի հետ։