Մեր նպատակն է հույս տալ Արցախին, որ Սփյուռքը նրան չի մոռացել. Ադամ Շիֆի հետ հանդիպմանը մասնակցած ակտիվիստ
15 Օգոստոսի 2023, 22:10
Ամերիկահայերը օրեր շարունակ՝ ի պաշտպանություն Արցախի, բողոքի ակցիաներ են իրականացնում Լոս Անջելեսում, որի ընթացքում հանդիպել են հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Կոնգրեսականի հետ ամերիկահայերի հանդիպման մանրամասները Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է հանդիպման մասնակից, իրավաբան, ՀԱԱ հիմնադիր խորհրդի անդամ Գուրգեն Մկրտչյանը: Նրա փոխանցմամբ՝ Ադամ Շիֆից հիմնական պահանջը եղել է նրա՝ Արցախ մեկնելն ու տեղում իրավիճակին ծանոթանալը: Հայամետ կոնգրեսականը փոխանցել է, որ պատրաստվում է նամակ ուղղել ԱՄՆ նախագահին:
«Հանդիպումը տեղի է ունեցել առաջնորդարանում՝ Հովնան Սրբազանի գլխավորությամբ: Այն տևել է մոտ մեկ ժամ: Հիմնական պահանջը եղել է այն, որ ինքը Արցախ գնա՝ որպես հայերի լավագույն կոնգրեսմեն: Պատասխանել է, որ նամակներ պետք է գրի: Նոր նամակը ուղղված է ԱՄՆ նախագահին: Հիմնական շեշտադրում ենք դրել ցեղասպանության վտանգի վրա: Ինչպես բոլորս տեղյակ ենք, Օկամպոն բարձրաձայնեց, որ Ժնեւի կոնվենցիայի համաձայն, դա համարվում է ցեղասպանություն, և աշխարհը պետք է բարձրաձայնի այդ մասին: Հավելյալ քննարկել ենք, թե ինչ կարող է անել Սփյուռքը, որպեսզի Արցախի հարցով կարողանանք ինչ-որ բանի հասնել ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ու կառավարության կողմից»,- Alpha News-ին պատմել է Գուրգեն Մկրտչյանը: Ամերիկահայ գործչի խոսքով՝ Ադամ Շիֆը նշել է, որ որպես կոնգրեսական, միայնակ շատ բան չի կարող անել, ուստի շատ կարևոր է, որ համայնքը ճնշում գործադրի նաեւ կոնգրեսականների, սենատորների, նախագահի վրա:
«Պահանջ դնենք, որ ուրիշ եկեղեցիներ, կազմակերպություններ նամակներ ուղղեն նախագահին, որպեսզի նախագահը հասկանա, որ սա ընդհանուր, բոլոր կոնգրեսականների պահանջն է և պետք է այդ հարցին ուշադրություն դարձնել»,- ասել է Գուրգեն Մկրտչյանը:
Ադամ Շիֆը փոխանցել է, որ շատ անգամներ է եղել Հայստանում ու Արցախում, բայց հիմա ԱՄՆ-ում մնալով՝ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ.
«Այս պահին նա համարում է, որ ինքը ավելի օգտակար կլինի՝ այստեղից աշխատելով, աշխատելով մյուս կոնգրեսմենների, սենատորների, Սպիտակ տան հետ, որպեսզի այստեղից իր ազդեցությունն ու օգուտը տա Արցախում ստեղծված իրավիճակին: Ես կարծում եմ, որ հանդիպումը բավականին բարիդրացիական էր: Երկկողմանի պայմանավորվածություն եղավ, որ պետք է աշխատել տարբեր ֆրոնտներում, և իմ կարծիքով, կոնգրեսմենը հասկացավ, որ այս խումբը, որը կազմակերպում է ակցիաները, ռադիկալների խումբ չէ, որ նորմալ քաղաքացիներ են, որոնք բնակվում են Լոս Անջելեսում և պահանջներ ունեն իրենց կողմից ընտրված քաղականան գործիչներցի»,-ասել է Մկրտչյանը:
Իրավաբանն այս հանդիպումը շատ կարևոր է համարում՝ նշելով, որ Շիֆի հետ շարունակվելու են նմանօրինակ քննարկումները և հայամետ կոնգրեսականը իրենց խորհուրդ կտա, թե որ դռները պետք է թակել: Անդրադառնալով օդային ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասնցելու հնարավորության վերաբերյալ հարցին, ամերիկահայ գործչի փոխանցմամբ, կոնգրեսականն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է այդ հարցով:
«Ադամ Շիֆը չի խոստացել, որ օդային ճանապարհով սնունդ կհասցնի Հայաստան: Ես հարցրել եմ՝ այսօր ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հումանիտար օգնություն հասնի Արցախ, նա պատասխանել է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է այդ հարցով, որ այն դժվար հարց է, քանի որ պետք է գործընկերներ գտնել, որոնց հետ կարող են համագործակցել, որպեսզի կարողանան օդային ճանապարհով սնունդը հասցնել Արցախ: Նա որպես մեկ անձ՝ շեշտել է՝ չունի այդ հնարավորությունը, չունի Լաչինի միջանցքի բացման բանալին: Նա, զուտ, անձերից մեկն է, որը կարող է աշխատել մյուս կոնգրեսմենների, սենատորների հետ, որպեսզի ճնշում գործադրի, որ մեր երկիրը, այսինքն՝ ԱՄՆ-ը անի այն, ինչ պարտավոր է անել այսօր»,-մանրամասնել է Մկրտչյանը:
Մկրտչյանը, միեւնույն ժամանակ, նշել է, որ կարծես թե, ԱՄՆ-ում գործող հայկական որոշ կազմակերպություններ անտարբեր են ստեղծված իրավիճակին:
«Ես կարծում եմ, որ տարիներով ԱՄՆ-ում գտնվող հայկական կազմակերպությունները աշխատել են Շիֆի ու մյուս կոնգրեսմենների հետ, բայց այս վերջին մի քանի ամիսների ընթացքում, մի տեսակ, լռություն է եղել, հնարավոր է՝ ինչ-որ աշխատանքներ են փորձել անել, բայց, այնուամենայնիվ, նկատում ենք լռություն ու անուշադրություն: Այս դեպքերից հետո ավելի շատ ակտիվիզմ ենք տեսնում ուրիշ կոնգրեսմենների , հայկական կազմակերպությունների կողմից: Մեր նպատակներից մեկը դա է եղել, որպեսզի հույս տանք Արցախում գտնվող մեր հայրենակցիներին, որ Սփյուռքը նրանց չի մոռացել: Կոչ եմ անում հայկական կազմակերպություններին, եկեղեցու անդամներին՝ միասնական գործել, գտնել այն կետերը, որին բոլորս համաձայն ենք»,- եզրափակել է Գուրգեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ ի պաշտպանություն Արցախի, ամերիկահայերը անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Նախ, նրանք Բըրբանք քաղաքում, որտեղ տեղակայված է կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը, ակցիա էին սկսել եւ հանդիպում պահանջել Շիֆի հետ: Հայ ակտիվիստները կոնգրեսականից պահանջում էին գնալ Արցախ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մի քանի օր անց Ադամ Շիֆը համաձայնել էր ընդունել հայերին: Հանդիպմանը կոնգրեսականը տեղեկացրել է, որ շուտով Հայաստան է գալու ամերիկացի այլ կոնգրեսական: Կոնգրեսական Ադամ Շիֆի հանդիպումից հետո ամերիկահայերը իրենց բողոքի ակցիաները շարունակում են Լոս Անջելեսի արեւմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի եւ Գրենվիլ պողոտայի խաչմերուկում, որը կրում է «Արցախի Հանրապետության հրապարակ» անունը: Այս հրապարակին կից է նաեւ Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը, որը ամերիկահայերը շրջափակել էին: