Մեր նպատակը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելն է. Վահե Գևորգյան

26 Հունիսի 2023, 09:13

Սպորտ

Հերթական եվրագավաթային մեկնարկին ընդառաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը ակումբի մամուլի ծառայությանը պատմել է թիմի ծրագրերի մասին:

«Ամենայն լրջությամբ ենք նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Ընտրել ենք համապատասխան սպարինգ-մրցակիցներ, ինչը թույլ կտա լավ մարզավիճակում մոտենալ առաջիկա եվրագավաթային դիմակայությանը:

Միևնույն ժամանակ, ակտիվորեն շարունակում ենք սելեկցիոն աշխատանքը: Կունենանք համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում:

Արդեն սկսել ենք ուսումնասիրել մեր առաջիկա մրցակցին, որը երրորդ տեղն է զբաղեցրել Չեռնոգորիայի ավարտված առաջնությունում:Գիտենք, որ «Արսենալ Տիվատում» փոփոխություններ են տեղի ունեցել, հեռացել է գլխավոր մարզիչը և մի քանի ֆուտբոլիստներ, կան նորեկներ:

Մեր նպատակը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելն ու հայ ֆուտբոլասերին ուրախության պահեր պարգևելն է»,- նշել է Վահե Գևորգյանը:

«Ալաշկերտ» – «Արսենալ Տիվատ» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում, իսկ երկրորդը՝ մեկ շաբաթ անց Չեռնոգորիայում: