Մեր պահանջը մնում է նրա հրաժարականը․Բագրատ Սրբազան

09 Հունիսի 2024, 20:15

Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը մանրամասներ է ներկայացրել անցումային կառավարության քայլերի մասին։

«Անցումային կառավարությունը, որ մենք կոչել ենք հաշտության կառավարություն, պիտի գործի հստակ երեք ուղղություններով՝ երկուսակցական սկզբունքով։ Առաջինը՝ հաշտության կառավարությունը պետք է կազմված լինի ունակներից, իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով, ներքին հաշտությամբ ու արդարության, արդարադատության սկզբունքի հիման վրա։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է՝ այսպիսի կառավարության համար գործելու է ճշմարտության ու արդարության առաջնորդությամբ՝ մերժելով եսակենտրոնությունը, երեսպաշտությունը, սեփական գերակայությունը կամ ինքնահավան բացառիկությունը, պատեհապաշտությունը, անպատասխանատվությունը անհագ իշխանատենչությունը։

Երկրորդը՝ արտաքին հարաբերություններում իրական խաղաղության, առանց հակաների հայկական օրակարգով։

Երրորդը՝ սահմանանված ժամկետներում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում ու անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։

Մեր պահանջը մնում է նրա հրաժարականը, սակայն մյուս բոլոր քաղաքական լուծումները, որոնք արծարծվել են հրապարակում, դրանց բոլոր տարբերակները բացառված չեն ու քննարկելի են»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։