Մեր պարտքն է Սփյուռքի մեջ հայ մնալ. Սեդա Թոփուզյան

08 Ապրիլի 2025, 23:00

Կարծիք

Օրերս Լավալի քաղաքապետարանում ավագանու անդամ Սեդա Թոփուզյանը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին: Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Թոփուզյանի հետ։

«Վերջին տարիներին Լավալի քաղաքապետարանում ամեն ապրիլ ամսվա ժողովների ժամանակ ավագանու անդամները կարող են խոսել իրենց հուզող հարցերի մասին։ Ես ամեն անգամ խոսում եմ Հայոց ցեղասպանության մասին, պատմում, թե ինչ է տեղի ունեցել և ինչ ենք մենք պահանջում: Մենք այստեղ՝ Կանադայում փորձում ենք մեր հնարավորությունների չափով խոսել հայկական հարցի և Արցախի մասին: Լավալի քաղաքապետարանը նաև դատապարտել է 2020թ-ին Արցախում տեղի ունեցածը»,- նշել է Սեդա Թոփուզյանը:

Նա իր խոսքում ընդգծել է, որ Կանադայում կարևոր խնդիրը հայապահպանության հարցն է։

«Տատիկս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից է: Եվ այսօր թե ես, թե Կանադայում բնակվող մյուս հայերը փորձում ենք ամեն կերպ հայապահպանությունը շարունակել: Մենք այստեղ մեր երեխաներին պատմում ենք ցեղասպանության մասին, ներկայացնում իրականությունը, և կարծում եմ՝ Սփյուռքի մեջ հայ մնալը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է»,- նշել է Թոփուզյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ կանադահայերը հավաքվում են Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ մեկ անգամ ևս հիշեցնելով տեղի ունեցածը։