«Մեր պայքարը նրա համար է, որ Կարմիր մահիկի բեռները չանցնեն այդ ճանապարհով». Ասկերանի քաղաքապետ
13 Սեպտեմբերի 2023, 10:30
«Սեպտեմբերի 12-ին հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, Արցախի Հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել հանրապետություն՝ Ասկերան քաղաքով»,- այսօր առավոտյան հայտարարել էր Արցախի Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան գրառմամբ:
Ասկերանի բնակիչ Հերմինե Խաչատրյանը Hetq.am-ին պատմել է, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, սովորության համաձայն, գնացել էր Աղդամ-Ասկերան սահմանագոտում հավաքված մարդկանց մոտ: Խարույկ էին վառել, զրուցել էին, հետո Հերմինեն վերադարձել էր տուն:
«Բավական ուշ էր: Տուն վերադառնալու ճանապարհին անձրևից ահավոր թրջվել էի: Հենց հասա, արագ լողացա ու պառկեցի: Ուզում էի հանգստանալ, որովհետև ամբողջ օրը ոտքի վրա էի: Հաց էլ չկերա»,- պատմել է Հերմինեն: Հաջորդ օրը առավոտյան նրան զանգել ու ասել են, որ ռուսական հումանիտար բեռով մեքենան անցել է ճանապարհը և ուղևորվել է Ստեփանակերտ։
«Առավոտյան երևի ժամը 07։30 էր: Հենց իմացա, արագ հագնվեցի ու տնից վազելով դուրս եկա: Պետք է իմանայի՝ ինչ է կատարվել: Երեկ էի այնտեղ, տղաները հերթապահությունը պարտաճանաչ իրականացնում էին: Չէի հասկանում` մեքենան ինչպե՞ս կամ ինչո՞ւ է անցել ճանապարհը: Եթե ռուսները ուզում են օգնել մեզ, կարող էին այդ բեռը Լաչինի միջանցքով ուղարկել, ինչո՞ւ են Ակնայով ուղարկում»,- ասել է նա:
Հերմինեն սահմանագոտում հավաքավծներից հարցուփորձ արեց կատարվածի մասին:
«Այդ պահին «Տանկի» հուշահամալիրի մոտ եղածները ասել են՝ Ստեփանակերտից ոստիկաններ էին եկել։ Ոստիկանները կանգնել ու հայտարարել են, թե «կառավարության որոշումն է, պետք է ճանապարհը բացեք ու մեքենան պետք է անցնի»: Նաև ասել են, որ ռուսական բեռների մուտքը թույլ են տալիս, այլ հարց է ադրբեջանականը. ադրբեջանական բեռները թույլ չեն տալու մուտք գործեն Արցախ»,- պատմել է Հերմինե Խաչատրյանը։
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը ասել է, որ մեքենան անցնելու պահին այնտեղ չի եղել:
«Ռուսական բեռով մեքենայի մուտքը, ամեն դեպքում, մենք չենք խոչընդոտել: Տղաները նախկինի պես շարունակում են հերթապահել նույն տեղում: Բետոնե արգելապատնեշներով շարունակում ենք փակ պահել ճանապարհը: Մեր պայքարը նրա համար է, որ Կարմիր մահիկի բեռները չանցնեն այդ ճանապարհով»,- հավելեց նա:
Ասկերանի բնակիչ Սնեժանա Թամրազյանի խոսքով՝ բնակիչների մի մասը լուրը իմացել է սոցցանցերից: Նա ասում է՝ ոչ ոք չէր սպասում նման իրադարձության:
Օգոստոսի 30-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կա հստակ որոշում՝ Ակնա-Ասկերան ճանապարհը չօգտագործելու և փակ պահելու վերաբերյալ: Նա նաև այցելել էր Ասկերանի «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մարդկանց:
Որևէ մեկնաբանություն Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական բեռի մուտքի և Լաչինի միջանցքի բացման երաշխիքների մասին Արցախի Կառավարությունից չստացվեց վերցնել: