Մեր քաղաքական համակարգը թույլ է տվել Արևմուտքին իր խաղի կանոնները թելադրել Վրաստանին. Շոթա Ապխաիձե

26 Նոյեմբերի 2024, 10:25

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի եթերում վրացի քաղաքագետ, Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ապխաիձեն ընդգծել է, որ Սահակաշվիլիի ռեժիմի հանցակիցների անպատժելիությունը հաճախ ընդդիմությանը թույլ է տալիս շահարկել հասարակության կարծիքը:

«Օրինակ, Բիձինա Իվանիշվիլին խոստացել է 200 ֆաբրիկա կառուցել, բայց 12 տարվա ընթացքում այդ 200 ֆաբրիկան չկա։ Նախորդ ընտրությունների ժամանակ խոստացված որոշ տնտեսական նախագծեր մեծ հաշվով չիրականացան։ Նրանք իրենց կողմնակիցների մի մասին, կարելի է ասել, իրենց դեմ են տրամադրել։ Ահա ես, օրինակ, Սաակաշվիլիի ռեժիմի նախկին քաղբանտարկյալ եմ, և երբ ինձ ազատ արձակեցին, համաներեցին, ես սպասում էի ռեժիմի բոլոր հանցակիցների պատժին։ Բայց եղավ այնպես, որ երբ նրան զրկեցին իշխանությունից, ամբողջ «Վրացական երազանքը» սկսեց խաղալ Արևմուտքի հետ, սկսեց խաղալ ինչ-որ անհասկանալի ժողովրդավարություն և չպատժեց այն մարդկանց, որոնք մասնակցում էին իմ կամ այլ մարդկանց խոշտանգումներին, ճնշում էին ընդդիմությանը, ցրում հանրահավաքները, սպանում, խլում սեփականությունը, մտացածին պատճառներով մարդկանց բանտ նետում և այլն։ Այդ մարդկանց մեծ մասը մնացել է պետական կառույցներում աշխատելու, ինչն, իհարկե, դժգոհություն է առաջացրել։ Իսկ հիմա ընդդիմությունն, իհարկե, խաղում է դրա վրա, որովհետև դրա համար որոշակի հող կա, և ընդդիմությունը շատ լավ մանիպուլացնում է այդ գործընթացները։

Ինչն էր խանգարում էր, օրինակ, 10 տարի շարունակ պատժել Սահակաշվիլու ռեժիմի մասնակիցներին, քանի որ եթե ժամանակին պատժեին այդ մարդկանց, հիմա փողոցում ոչ մի բողոք, ոչ մի հեղաշրջման փորձ չէր լինի, որը 5 կամ 6 անգամ փորձում են իրականացնել Վրաստանում։ Այսինքն, Սահակաշվիլիի ռեժիմի մասնակիցների անպատժելիությունը Վրաստանին հասցրեց նրան, որը մենք հիմա տեսնում ենք։ Եվ, իհարկե, շատ կարևոր է արտաքին գործոնը, քանի որ Արևմուտքը պարզապես չի դադարում փորփրել Վրաստանի ներքին գործերը՝ կոպտորեն խախտելով ինքնիշխանության և միջազգային իրավունքի նորմերը։ Նրանք արդեն վաղուց Վրաստանը դիտարկում են որպես ինչ-որ հետնաբակ, քանի որ մենք ինքներս նրանց դա թույլ ենք տվել, մեր քաղաքական համակարգը թույլ է տվել Արևմուտքին մեզ թելադրել իր խաղի կանոնները», — ընդգծել է Շոթա Ապխաիձեն։