Մենք գնալու ենք մեր քաղաքական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան

14 Օգոստոսի 2025, 18:43

Քաղաքականություն

Մեր առաջարկը, որպես գործարար աշխարհի, կազմակերպչական փորձ ունեցող թիմի առաջարկ, լինելու է ուրիշ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Իշխանական մեր հայրենակիցները ասում են, որ ինչու մենք քաղաքական հայտարարություններ չենք անում։ Մենք ամեն դեպքում անկախությունից հետո էլ ունեցել ենք լավ կուսակցություններ, բայց մեր առաջարկը, որպես գործարար աշխարհի, կազմակերպչական փորձ ունեցող թիմի առաջարկ, լինելու է ուրիշ՝ նախ ներկայացնելու ենք տնտեսական, առողջապահական, սոցիալական ծրագիրը, հետո նոր հանդես ենք գալու մեր քաղաքական ուղերձներով։ Կոնկրետ ծրագրեր ներկայացնելուց հետո, եթե մարդիկ տեսնեն և հասկանան, որ իրենց համար ընդունելի է դա, նոր քաղաքական ուղերձներով հանդես կգա Սամվել Կարապետյանը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի թիմը գնալու է իր քաղաքական ճանապարհով։

«Այն անհատները, որոնք ունեն պրոֆեսիոնալ որակներ, ներգրավելու ենք։ Մենք ուրիշ բան ենք առաջարկում մեր հանրությանը։ Համագործակցություն կլինի երիտասարդ ուժերի հետ»,–դատարանի բակում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը։