Մեր խնդիրը բոլորին միավորելն է․ Հարութ Սասունյանը՝ Հայաստան-Սփյուռք միասնական կենտրոն ունենալու մասին
30 Սեպտեմբերի 2025, 23:00
18 տարի է՝ աշխատում ենք բոլոր մեխանիզմներով, 18 պետություն ենք ուսումնասիրել՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք Ամերիկայում ստեղծել հզոր կառույց հայկական սփյուռքի համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Up For Armenia կազմակերպության հիմնադիր նախագահ Դավիթ Մնացականյանը։
«Ես հավատացած եմ՝ հայկական սփյուռքի ներուժը մինչև այսօր ճիշտ չէ օգտագործվել, և այդ ռեսուրսները, հնարավորությունները կարելի է օգտագործել թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ սփյուռքի, և, ինչու ոչ, նաև Ամերիկայի զարգացման համար։ Այդ իսկ պատճառով, մենք աշխատանքներ կատարեցինք ստեղծելու մեկ կենտրոն, որը կունենա 21 վարչություն, և այդ վարչությունների միջոցով մենք կհզորացնենք հայ ընտանիքները և կլինենք միասնական»,- նշել է Մնացականյանը։
Խոսելով Հայաստան-Սփյուռք մեկ միասնական կենտրոն ունենալու մտքի մասին՝ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանն էլ նշել է․
«Մենք՝ հայերս, բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Մենք այստեղ լսեցինք նոր, բավական մտածված գաղափարներ, դա շատ լավ է, բայց ուրիշները ևս ունեն գաղափարներ, և հիմա մեր խնդիրը այդ բոլորին մեկ հարթակի մեջ միավորելն է»։