Մեր ընկերը պատմել է՝ ինչպես էր այցելում Տիգրանին. Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ռոման Բաբայանին

17 Հոկտեմբերի 2025, 17:50

Քաղաքականություն

«RT» հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամյան ալիքում գրել է, որ «ՆՏՎ» հեռուստաալիքով հեռարձակվող «Սվոյա պրավդա» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը VOICE-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես էր գրեթե ամեն օր այցելում իր մտերիմ ընկերոջը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանին, որը միացված էր արհեստական շնչառության սարքին։

«Մեր ընկեր Ռոման Բաբայանը պատմել է՝ ինչպես էր այցելում Տիգրանին, երբ նա հիվանդանոցում էր։ Շնորհակալություն, Ռոմա»,- դիմել է նրան Մարգարիտա Սիմոնյանը։

Բաբայանը Քեոսայանի հետ կիսվել է իր կյանքի, ընկերների կյանքի նորություններով, ինչպես նաև քաղաքական վերջին թարմ իրադարձություններով: «Ես կարծում էի, որ նա կցանկանար իմանալ դա։ Բժիշկներն ասում էին, որ նա մեզ չի լսում, բայց ես վստահ էի, որ դա այդպես չէ»,- նշել է Ռոմանը:

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ հայազգի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին։ Նա գրեթե 9 ամիս կոմայում էր։