Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով TRIPP նախագծի վրա կարելի է խաչ քաշել․ Գեորգի Ասատրյան

Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող պատերազմին, դրա ընթացքին ու հեռանկարներին, ինչպես նաև հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի և TRIPP («Թրամփի երթուղի») նախագծի վրա։

«Ամերիկացիները հաշվարկում են, որ իրենց հարվածները կհանգեցնեն պետության պարալիզացմանը։ Սակայն Իրանն, իր ռազմավարական խորության շնորհիվ, կարող է տարիներ շարունակ դիմակայել հարձակումներին։ Հրթիռների արտադրությունը իրականացվում է ստորգետնյա համալիրներում, որոնք ստեղծվել են դեռ հազարամյակներ առաջ, ինչը դրանք գրեթե անհասանելի է դարձնում։ Նրանց բալիստիկ ներուժը մնում է անփոփոխ և վերարտադրվում է, և մենք ակնհայտորեն թերագնահատել ենք նրանց հնարավորությունները»,-նշել է Ասատրյանը։

Փորձագետի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը խաչ է քաշում TRIPP նախագծի վրա։

«Կարծում եմ՝ այս նախագծի վրա արդեն կարելի է խաչ քաշել։ Եթե Իսլամական Հանրապետությունը պահպանվի, սցենարը պարզ է։ Իսկ եթե Իրանը անկում ապրի և Իսլամական Հանրապետություն չլինի, այլ ձևավորվի որևէ արևմտամետ քաղաքական ուժ կամ այլ բան՝ չեմ կարող ասել, ապա այս նախագծի իմաստը կկորչի։ Հետևաբար, կարծում եմ՝ առնվազն այս պատերազմի ներկա պայմաններում TRIPP նախագծի վրա կարելի է խաչ քաշել», — եզրափակել է Ասատրյանը։