Մերժում ենք ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, հանրահավաքներ ենք կազմակերպելու․ Մուրադ Փափազյան
17 Հունվարի 2024, 23:12
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Alpha News-ի ուղիղ եթերում նշել է, որ եվրոպական 15 երկրների ներկայացուցիչների հետ կապի մեջ են, որ աշխատեն նույն ուղղությամբ, նույն մեսիջով։
«Մենք կարողացանք կազմակերպել համաեվրոպական շարժում։ Եվրոպական 15 երկրներում կարողացանք կազմակերպել և կողք-կողքի բերել համայնքային կազմակերպությունները, որպեսզի բոլորը նույն ուղղությամբ, նույն բանաձևերով, նույն մեսիջներով աշխատեն»,- ասել է Փափազյանը։
Նա հիշեցրել է, որ դեռ 2023 թ-ի հոկտեմբերի 1-ին Բրյուսելում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, իսկ եվրոպական ԶԼՄ-ները արձագանքել են իրենց պահանջներին․ «Սա մեծ հաջողութուն է»,- ընդգծել է նա։
Այսպիսով, ըստ նրա, հունվարի 27-ին և 28-ին ևս տարբեր երկրներում նախատեսում են ցույցեր անցկացնել։
«Ամբողջ Եվրոպայում պիտի տեղի ունենան հանրահավաքներ, ցույցեր։ Երբ մենք դիմում ենք Եվրոպայի բարձրագույն ղեկավարությանը, միշտ մեզ ընդունում են, մեզ լսում են։ Կարևոր է իրենց համար լսել ուղիղ ձայնը։ Երբ Նիկոլ Փաշինյանը ինքը ընդունել է, որ Արցախը մասն է Ադրբեջանի, Եվրամիության ղեկավարությունը պետք է իմանա, որ Սփյուռքը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի մեծ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ և մերժում ենք ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում։
Արցախը հազարամյակներ շարունակ հայկական հող է եղել, այն պատկանել է հայերին, և այսօր ընդունել, որ Ադրբեջանի մաս է կազմում, լուրջ պատասխանատվություն է, և այդ որոշումը կդատապարտվի պատմության առջև», — եզրափակել է Մուրադ Փափազյանը: