Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփել են ուսումնական տարվա արդյունքները
10 Հունիսի 2023, 20:45
Այսօր՝ հունիսի 10-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփել են 2022-2023 ուսումնական տարվա արդյունքները։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևոր ձեռքբերում է համարել այն, որ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի շրջանակում համալսարանն այս տարի թողարկել է շրջանավարտների առաջին խումբը:
«Բուհի դասախոսների առջև, ինչպես միշտ, այնպես էլ` այս ուսումնական տարում, խնդիր էր դրված պատրաստել սոցիոլոգներ, որոնց անհրաժեշտությունը, հատկապես մեր օրերում, շատ է զգացվում: Եվ մենք կարճ ժամանակահատվածում կարողացանք այդ խնդրին լուծում տալ։ Արդյունքում այս տարի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի շրջանակում թողարկել ենք 18 շրջանավարտ:
Ուսանողները ներկայացրել են ավարտական հետազոտական աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրն ուղղված էր Արցախի տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրմանն ու վերհանված հարցերի լուծման ուղղությամբ առաջարկություններ առաջադրելուն։ Համալսարանը թողարկում է այնպիսի որակյալ մասնագետներ, որոնց կարիքն Արցախն ու արցախցիները շատ ունեն»,-նշել է Դ. Գաբրիելյանը։
Որպես ուսումնական տարվա մեկ այլ կարևոր ձեռքբերում` ռեկտորն առանձնացրել է համալսարանի 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրումը, որի հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:
Պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ ուսումնական տարվա ավարտին կազմակերպվել է բուհն ավարտող ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանություն, որտեղ լավագույնս ներկայացվել են ուսումնառության 4 տարիների ընթացքում նրանց ստացած գիտելիքները:
««Իրավագիտություն», «Կովկասագիտություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների գծով դիմորդների թվի ընդգծված աճ կա։
2023-2024 ուսումնական տարվա ընդունելության համար «Բակալավր» կրթական ծրագրում նախատեսել ենք 11, իսկ մագիստրատուրայի համար՝ 14 տեղ։ «Բակալավր»-ի հեռակա ընդունելությունը կկազմակերպվի 3, իսկ մագիստրատուրայինը` երկու փուլով»,-ընդհանրացրել է Ա. Բաղդասարյանը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է, իսկ մագիստրատուրայի ընդունման վերջնաժամկետը օգոտոսի 21-ն է։