Մեղեդիների հանճար և կամուրջ դասական ու էստրադային երաժշտության միջև․ Առնո Բաբաջանյան

22 Հունվարի 2026, 22:20

Հայեր

Առնո Բաբաջանյանը խորհրդային ժամանակաշրջանի ամենավառ ու ինքնատիպ կոմպոզիտորներից մեկն է, որի ստեղծագործությունը դարձել է կամուրջ ակադեմիական երաժշտության և էստրադայի միջև։

Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին՝ Երևանում, մանկավարժների ընտանիքում։ Նրա երաժշտական տաղանդը դրսևորվել է շատ վաղ տարիքից․ մանկության տարիներին նա զարմացնում էր շրջապատին դաշնամուրի վրա իր վիրտուոզ նվագով և սեփական մեղեդիներ ստեղծելու ձգտմամբ։ Ուսումը Երևանի, ապա Մոսկվայի կոնսերվատորիաներում վերջնականապես ձևավորել է նրան որպես կոմպոզիտոր և դաշնակահար։

1950-ական թվականներից Բաբաջանյանն ակտիվորեն հանդես էր գալիս որպես դաշնակահար և կոմպոզիտոր։ Նրա ստեղծագործությունները ընդգրկում էին ժանրերի լայն շրջանակ՝ ակադեմիական երկերից մինչև հանրահայտ էստրադային երգեր։ Նրա կարևոր գործերից են «Հայկական ռապսոդիա»-ն, «Հերոսական բալլադ»-ը, ինչպես նաև «Գեղեցկության թագուհին», «Նոկտյուրն»-ը, «Սատանայի անիվը»։ Այս ստեղծագործությունները կատարել են խորհրդային բեմի խոշորագույն արտիստները, այդ թվում՝ Մուսլիմ Մագոմաևը, ում շնորհիվ դրանք մեծ ժողովրդականություն են վայելել։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում ևս հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Բաբաջանյանն արժանացել է բազմաթիվ պարգևների և կոչումների, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ Նրա մեծ ներդրում է ունեցել խորհրդային և հայկական երաժշտության զարգացման գործում, փորձում էր համադրել ազգայինը և համամարդկայինը։

Կոմպոզիտորը կյանքի վերջին տարիներին տառապում էր ծանր հիվանդությամբ, սակայն նա շարունակել է ստեղծագործել։ Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին՝ թողնելով հարուստ ժառանգություն։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները վկայությունն են այն բանի, որ երաժշտությունը կարող է լինել միաժամանակ ազգային և համաշխարհային։