Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը. Հարավային Օսիայի նախագահ
25 Նոյեմբերի 2023, 15:45
«Սպուտնիկ Օսիա»-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարեկամական հարաբերությունները, բայց մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողել է ծանրագույն վիճակում։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, մեծամասամբ ազգությամբ հայերին, որոնք Հայաստանից օգնություն էին սպասում։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ չի հետաքրքրում նման քաղաքական գործիչների կարծիքը։ Այսօր Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ», — հայտարարել Է Ալան Գագլոևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչում է որպես Վրաստանի տարածքի մասեր:
«Մենք միանշանակ և լիարժեքորեն աջակցում ենք Վրաստանի միասնությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը», — ասել է նա: