Մեզ հետ վարվում են գաղութի պես՝ Փաշինյանի՝ Քոհենին ընդունելն արարողակարգային սխալ էր. Արթուր Խաչիկյան

22 Մայիսի 2024, 21:48

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը դիվանագիտական կոպիտ սխալ է անվանել Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փոխղեկավարի հանդիպումը։

«Նրանց հանդիպումը շատ սխալ է, դա դիվանագիտական կոպիտ խախտում է։ Մարդ պետք է իր համարժեք մարդուն հանդիպի։ Այսինքն՝ այստեղ մեզ վերաբերում են որպես գաղութի, երբ հետախուզական գործակալության պաշտոնյան, այն էլ՝ ոչ կարևոր, հանդիպում է երկրի ղեկավարի հետ։ Այդպես խոսում են միայն գաղութների հետ»,- ասել է Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը թվարկել է այն բոլոր կետերը, որոնք հաստատ չեն քննարկվել Փաշինյան- Դեյվիդ Քոհեն հանդիպման ժամանակ։

«Ղարաբաղի մասին հաստատ չեն հիշել, հայերի վերադաձը Արցախ՝ ոչ, հայերին ինչ-որ ռեալ ռազմական օգնություն տրամադրելը՝ ոչ, ռազմական դաշինքի մասին՝ ոչ, անվտանգության երաշխիքների մասին՝ ոչ։ Ինչը կարող է լինել հանդիպման նպատակը․ ստանալ զեկույց կատարված աշխատանքի մասին և շարունակել ցուցումներ ու հրահանգներ տալ այս խմբին,թե ինչպես շարունակել Ռուսաստանը դուրս հանել տարածաշրջանից՝ ի վնաս հայ ժողովրդի»,- ընդգծել է Արթուր Խաչիկյանը։

Նա ԱՄՆ-ի՝ իբր Հայաստանին որպես օգնություն տրամադրած 65 մլն դոլարը համեմատել է Ուկրաինային տրված 305 միլիարդի հետ ու նշել, որ այդ 65 միլիոնը ծախսվելու է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համար, որոնք այստեղ քարոզելու են դեմոկրատիա ու մարդու իրավունքներ այն պայմաններում, երբ մեր դեմ պատերազմ են վարում ու ոչ մի դեմոկրատական երկիր ռեալ ռազմական օգնութուն չի ցուցաբերում։