ՌԴ-ին պետք չէ համոզել Սյունիքում գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացման հարցում. Զախարովա
27 Մայիսի 2025, 15:05
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման մասին հարցին՝ նշելով, որ ռուսական կողմին պետք չէ համոզել դիվանագիտական ներկայացուցչության շուտափույթ գործարկման անհրաժեշտության հարցում:
«Այդ թեման մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում։ Մեզ պետք չէ համոզել ՌԴ-ի այս արտասահմանյան հաստատության աշխատանքի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտության հարցում։ Առայժմ Կապանում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է։ Ինչո՞ւ, պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին», — նշել է նա։
Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության մասին՝ Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն բարձրացրել է այդ թեման:
«Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ հանրապետությունը կազմակերպության լիիրավ անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Երևան այցի ավարտից հետո այլ բան ևս տեղի չի ունեցել», — ընդգծել է դիվանագետը։
Զախարովան անդրադարձել է նաև Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի դեմ բողոքի ակցիաներին:
«Մենք այցից առաջ էլ մեկնաբանել ենք այս ամբողջ բուֆոնադան և բոլոր ներկայացումները։ Ոճը նույնն է, պատվիրատուները ևս նույնն են։ Փողը նույն աղբյուրներից է: Էլ ինչ ճշտել և ումից: Մենք ինչ է, չենք հասկանում, թե որտեղից է այս ամենը, և ում է դա պետք: Մենք կպարզենք, թե ում երեք կոպեկն է կամ ոչ երեքը, որ ծախսվել է այդ ամենի վրա։ Այնուամենայնիվ, առանց այդ էլ ակնհայտ է», — ասել է Զախարովան: