Մեզ խնդրում են «կարմիր գոտի» համարվող Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշն ու Գեղարքունիքը հանել զբոսաշրջային ուղղությունների ցանկից. Մեխակ Ապրեսյան

15 Օգոստոսի 2023, 17:07

Տնտեսություն և Բիզնես

Տարածաշրջանում առկա լարվածության ու գնաճի ֆոնին, ինչպես նաև դրամի արժևորմանը զուգահեռ, Հայաստանը շարունակում է պահպանել իր զբոսաշրջային գրավչությունը: Առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան է այցելել մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Միեւնույն ժամանակ, Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը եվրոպական երկրներում իբրև վտանգավոր գոտի են դիտարկվում, ավելին, օտարերկրյա զբոսաշրջային ընկերությունները հայ գործընկերներին խնդրում են ծրագրերից հանել այդ մարզերը:

Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ պետությունը, մասնավոր հատվածն ու Սփյուռքը պետք է կարողանան փոխել այդ կարծրիքը: Ապրեսյանի համոզմամբ կարմիր գոտի ճանաչված հայկական բնակավայրերը զբոսաշրջության համար վտանգավոր չեն:

«Պետությունը, մասնավոր հատվածն ու Սփյուռքը պետք է կարողանան փոխել այդ կարծրիքը, որն ավելի շատ կարծրատիպ է և հեռու է իրականությունից», — համոզված է Ապրեսյանը: Ապրեսյանը իր ասածը հիմնավորում է այսպես. «Սիսիանում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը՝ «Նավասարդ» խորագրով: Հրաշալի լուսաբանվեց, տասնյակ հազարավոր մարդիկ կային: Բոլորը տեսան, որ մարդիկ անհոգ ու ապահով շրջում են Սյունիքում: «Վտանգավոր» Սյունիքում փառատոնը վառ վկայությունն էր, որ այդ գոտին զբոսաշրջության համար ապահով է»:

Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ պատերազմից և կորոնավիրուսից հետո զբոսաշրջության ոլորտը սկսում է կամաց-կամաց վերականգնվել: Պետությունը մարքեթինգի համար հատկացվող բյուջեն հնգապատկել է, արդյունքը կերևա գալիք տարիներին:

«Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, աճ ենք արձանագրում, դեռևս չենք հասնում 2019-ի՝ մինչև կորանավիրուսի ժամանակ ունեցած ցուցանիշին»,- ասում է Ապրեսյանը և հավելում՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կիսամյակային տվյալներով արդեն իսկ գերազանցել է 2019-ի ցուցանիշը:

«770.000-ից քիչ ավելի ցուցանիշ ենք ունեցել 2019-ին, իսկ այս տարի մեկ միլիոնը գերազանցեցինք»: Նրա համոզմամբ՝ միանգամայն իրատեսական է, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում, 2019-ի ցուցանիշը՝ այն է մոտ 1 մլն 894 հազար, այս տարի գերազանցվելու է: Ապրեսյանը վստահ է, որ այս տարի Հայաստանն իր զբոսաշրջային այցելությունների թվով հատելու է 2 մլն-ի սահմանագիծը:

«Չպետք է երբեք տարվել այս պահին փող աշխատելու մոլուցքով: Իհարկե, մենք ունենք հրաշալի պատմամշակութային ժառանգություն և որոշակիորեն ձևավորված ենթակառուցվածքներ, բայց մեր գլխավոր խաղաքարտը մեր լեգենդար ժողովուրդն է՝ իր հյուրընկալությամբ, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին մեր երկրում լավ զգալ իրեն»,- ասում է Ապրեսյանը՝ հավելելով, որ պետության և մասնավոր հատվածի կողմից աշխատանք նույնպես տարվել է, հատկապես, մարքեթինգի ուղղությամբ:

Ապրեսյանը նշում է, թեեւ վերջին տարիներին պետությունն ավելացրել է տեսակի փառատոնների իր մասնակցության չափաբաժինը, սակայն, կա մի կարևոր խնդիր՝ մի փառատոնին մասնակցողը մեկ այլ փառատոնի մասնակցելու դեպքում աջակցության համար չի կարող դիմել պետությանը: Սա, ըստ մասնագետի, հարվածում է փառատոնների կազմակերպման ամբողջ համակարգին:

Ապրեսյանը կարեւորում է փառատոնների նշանակությունը: Դրանց միջոցով կարելի է հասնել զբոսաշրջային քաղաքականության առջև դրված նպատակներին: