Մեզնից գաղտնի է պահվում մի փաստաթուղթ, որի շահառուն հայ ժողովուրդն է. Աննա Գրիգորյան

03 Դեկտեմբերի 2024, 10:30

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել՝ ՀՀ ԱԳՆ-ի ու կառավարության դեմ: Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել է ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:

«Մենք դիմել ենք դատարան, քանի որ մի պարզ ճշմարտություն կա՝ մեր ժողովրդից, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից գաղտնի է պահվում մի փաստաթուղթ, որի շահառուն ամբողջ հայ ժողովուրդն է: Հետևաբար, մեր լիզորությունների, իրավունքների իրացման վերականգնման նպատակով դիմել ենք դատարան, քանի որ հակաօրինական է այն գործողությունը, որ Արտաքին գործերի նախարարությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով արգելել է մեզ ծանոթանալ տեքստին։ Մի ժամանակահատված մենք հնարավորություն ունեցել ենք տեղում տեսնել՝ ինչ վտանգավոր թեզեր են ներառված այդ փաստաթղթում և դրա մասին բարձրաձայնել ենք: Ոչ թե կետերի մասին, այլ հնարավոր վտանգների մասին, որոնք ներառված են եղել փաստաթղթում»,- նշել է Գրիգորյանը:

Պատգամավորը ընդգծել է՝ Ալիևի պահանջով է ընդդիմադիր պատգամավորներին արգելվել ծանոթանալ փաստաթղթին:

«Ադրբեջանական կողմը վայնասուն բարձրացրեց և Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դիմելով՝ ասաց, թե ինչպես եք համարձակվում ընդդիմությանը ցույց տալ այն փաստաթուղթը, որը բանակցման փուլում է: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասաց՝ այլևս հրահանգել է ԱԳՆ-ին, որ ընդդիմադիր պատգամավորները որևէ հնարավորություն չունենան տեսնելու, թե ինչ է զետեղված փաստաթղթում: Սա է ամբողջ իրականությունը: Այսինքն՝ եթե պատգամավորները նույնիսկ չեն կարողանում տեղեկանալ, թե ինչ է գրված փաստաթղթում, այդ Նիկոլ Փաշինյանն ինչպես է գնալու և ինչ-որ բան ստորագրի:

Նաև պետք է հիշեցնեմ՝ մենք խոսում ենք մի կառավարության մասին, որը 2018 թ-ին հրապարակում կանգնած ասում էր՝ ցանկացած որոշման դեպքում քննարկվելու է ժողովրդի հետ, առնվազն տեղեկացնելու է ժողովրդին, որ նման փաստաթուղթ կա, որը պետք է ստորագրի: Բայց այսօր տեսնում ենք, որ ամբողջովին գաղտնի Նիկոլ-Ալիև տանդեմը գծում է մի փաստաթուղթ, ինչը գաղտնի է պահվում հայ ժողովրդից, և փաստացի ժողովրդի թիկունքում է կազմվում»,- եզրափակել է Գրիգորյանը: