Միացյալ Արեւմուտքին պետք է կոնֆլիկտի էջը շուռ տալ, ինչը հարվածում է ռուսական ազդեցությանը տարածաշրջանում. Բեքարյան

21 Հունիսի 2023, 15:21

Քաղաքականություն

Հայաստանը գործ ունի չափազանս սուր, իրար հետ մրցակցող նախագծերի հետ, որոնցից մեկի հեղինակը Միացյալ Արեւմուտքն է, մյուսինը՝ Ռուսաստանը: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների բացմանը:

«Այդ սուր մրցակցության մեջ երկու թիրախային էլեմենտ կա. խոսքը Արցախի կարգավիճակի եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին միացնող կոմունիկացիաների մասին է:
Միացյալ Արեւմուտքին պետք է կոնֆլիկտի էջն ամբողջությամբ շուռ տալ, ինչը նշանակում է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքը, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը չկա, հետագայում կռվանի թեմա չկա, իսկ թե ազգաբնակչություն կմնա, թե ոչ, առանձնապես իրենց չի հետաքրքրում:

Եթե կոնֆլիկտի էջը շուռ է տրվում, ապա երկու սուվերեն պետություն պետք է իրար հետ հաղորդակցվեն: Իսկ եթե կոնֆլիկտի էջը շուռ ենք տալիս, ապա ի՞նչ Զանգեզուրի միջանցք կամ Սյունիքի կոմունիկացիա՝ ռուսական վերահսկողության ներքո:

Եթե Հայաստանը կարողանում է այս ամեն ինչին հասնել արեւմտյան պլանով, ապա էական հարված է ստանում ռուսական ազեցությունը տարածաշրջանում: Եթե սրան զուգահեռ մենք հասնում ենք նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա ռուսական ազդեցության՝ տարածաշրջանում լինելու հիմնավորումը լրիվ ավարտվում է»,- նշել է Կարեն Բեքարյանը:

Իսկ Ռուսաստանին Բեքարյանի խոսքով՝ Արցախում խաղաղապահ առաքելությունը լուրջ հնարավորություն եւ հողի վրա առկայություն է տալիս տարածաշրջանում:
 
«Նույնն առնչվում է Լաչինի միջանցքին, նույնը կառնչվի Սյունիքով կոմունիկացիաներին, եթե դրանք բացվեն ու գործեն ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Հետեւաբար Ռուսաստանը հողի վրա, ոչ թե հայտարարությունների, ավելացնում է ազդեցությունը կամ առնվազն թույլ չի տալիս դա պակասեցնել:

Իսկ ի՞նչ է ձեռնտու Ադրբեջանին. առաջին հայացքից Ադրբեջանին ձեռնտու է արեւմտյան մոդելը՝ փակել Ղարաբաղի հարցը, բայց այստեղ Ադրբեջանի համար կա առնվազն երկու պրոբլեմատիկ հարց. առաջինը՝ հավատարմություն արեւմտյան սցենարին, իսկ վախ չկա՞ ինչ-որ պահի պատժվել Ռուսաստանից, եւ երկրորդը՝ իսկ Թուրքիան բավարարվա՞ծ է դրանով, թե Թուրքիան Թուրանը միացնող միջանցք է ուզում:

Հիմա այս ամենին գումարվում է իրավիճակի թելադրանքը՝ ուկրաինական ճգնաժամը: Այո, Ռուսաստանին պետք են լրացուցիչ կոմունիկացիաներ, որոնք Ռուսաստան-Արեւմուտք դասական ճանապարհներից դուրս են, հնարավորություն են տալիս այլ երկրներով իրականացնել իր փոխադրումները: Ռուսաստանի համար այդ կոմունիկացիաները կարեւոր են լինելու այնքան ժամանակ, քանի Թուրքիան մանեւրում է, իսկ որ պահին Թուրքիան կհիշի, կամ իրեն կհիշեցնեն, որ ինքը որքան էլ փորձի միջնորդի կեցվածքի մեջ մտնել, բայց ինքը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ արդեն բավարար է, այդ ժամանակ Ռուսաստանի համար այդ կոմունիկացիաների դերն ու նշանակությունը որոշակիորեն կնվազի, բայց չի զրոյանա»,- ասել է Բեքարյանը:

Հիմա եթերում