Միաժամանակ շոկային ու սպասված տրանսֆեր. Արսեն Զախարյանը՝ «Ռեալ Սոսյեդադ»-ում

22 Օգոստոսի 2023, 14:02

Սպորտ

Վաղուց չէր եղել տրանսֆերային ամառ, որի ընթացքում մի քանի հայ ֆուտբոլիստ տեղափոխվի եվրոպական մեծ ակումբներ, եթե չասենք ավելին: 2023-ի օգոստոսին գրանցվեց տեղափոխություն, որը, միևնույն ժամանակ, և՛ շոկային էր, և սպասելի՝ հայկական և ռուսական ֆուտբոլի համար. Արսեն Զախարյանը մոտ 13 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»:

Արսեն Զախարյանը ծվել է 2003 թվականին՝ Սամարայում, սակայն արմատներով Մարտակերտից է: Հենց այստեղից են 90-ականների սկզբին նրա ծնողները գաղթել Ռուսաստան: Թեպետ Զախարյան-ավագը շինարարական ոլորտում էր աշխատում, բայց նրա որդիների սերը ֆուտբոլի հանդեպ անթաքույց էր: Ավագ եղբայրը՝ Դավիթը, չկարողացավ զարգացնել կարիերան վնասվածքի պատճառով, իսկ փոքր եղբայրը՝ Արթուրը, որը ծնվել է 2013 թվականին, նոր է կատարում առաջին քայլերը ֆուտբոլում: Արսենն արդեն 6 տարեկանից աչքի էր ընկնում հիացնող տաղանդով: Նրա առաջին մարզիչ Վլադիմիր Կորոլյովի խոսքով՝ Զախարյանին վառ ապագա էր կանխատեսել շատ վաղուց:

«Ես նրան առաջին անգամ տեսա, երբ դեռ նրա 7-ը չէր բոլորել: «Կռիլյա Սովետովում» ես խորհուրդ տվեցի նրան ներգրավել մեր ակադեմիայում: Առաջին հայացքից հասկացել էի, որ նրան մեծ ապագա է սպասվում» — ասել է Կորոլյովը:

Սամարայում հոռետեսորեն էին մոտենում փորձառու մարզչի խոսքերին, ինչից հետո Զախարյանը սկսեց մարզվել Յուրի Կոնոպլյովի անվան ակադեմիայում, որտեղ վերամիավորվեց իր առաջին մարզչի հետ: Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում փայլելուց հետո նրա համար իսկական որս սկսվեց ռուսական մեծ ակումբների կողմից. Արսենի ընտրությունը կանգ առավ «Դինամոյի» վրա:

«Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված ընտրությունս: Միանշանակ, «Դինամոյի» առաջարկը լավն էր, ինձ անչափ դուր եկան ակումբի պատմական ավանդույթները: Երևի գույներն էլ նշանակություն ունեին (ծիծաղում է)», — ասել է Զախարյանը («Կռիլյա Սովետովի» և «Դինամոյի» գույները սպիտակ և կապույտ են – խմբ.):

2020-2021թթ. մրցաշրջանը նա սկսեց «Դինամոյի» երիտասարդական թիմում և 15 խաղում խփեց 8 գնդակ: Նույն թվականի հոկտեմբերին the Guardian-ը հրապարակեց աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիսների ցանկը: 60 ֆուտբոլիստների մեջ էր նաև Զախարյանը:

«Զախարյանը էլեգանտ, բազմակողմանի կենտրոնական կիսապաշտպան է, որը գերազանց հարվածների է տիրապետում, պաշտպանվում է, տիրում է անդրադարձերին, ստեղծում է գոլային պահեր և գոլեր խփում: Խաղը կարդալու կարողությունն օգնեց նրան աչքի ընկնել այսքան երիտասարդ տարիքում», — գրված է կայքում:

Բրիտանացի լրագրողները չէին սխալվել. «Դինամոյի» մարզիչների և հազարավոր երկրպագուների աչքի առաջ  2020 թվականի նոյեմբերին Զախարյանն իր նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում: Ընդամենը 2 տարվա ընթացքում Արսենն ընդգրկվեց մինչև 18 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում: 3 տարվա ընթացքում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրեց 72 խաղ և, լինելով կիսապաշտպան, խփեց 17 գնդակ:

Բնականաբար, Զախարյանի տեղափոխությունը եվրոպական մեծ ակումբ ժամանակի հարց էր: Ամբողջ 2022 թվականի ընթացքում Զախարյանի տեղափոխությունը ցանկանում էր իրականացնել անգլիական «Չելսին», որի սեփականատերը ռուս միլիարդատեր գործարար Ռոման Աբրամովիչն էր: Սակայն, Չուկոտկայի նախկին նահանգապետը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով վաճառեց ակումբը, և նոր սեփականատերերը չկարողացան բանակցել Զախարյանի գործակալի հետ: Այդպես Արսենը մնաց Մոսկվայում:

2023-ի ամռանը հաղորդվում էր՝ Զախարյանի տեղափոխությունը «Լացիո» գրեթե ավարտված է: Իտալական ԶԼՄ-ներին նույնիսկ հայտնի էր դարձել նրա բուժզննման օրը, սակայն գործարքը չեղարկվեց, և երկնակամարում հայտնվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադը»: Բասկոնիա երկրամասի թիմի հետ բանակցություններն ընթացան շատ արագ, բայց ևս մոտ էին ձախողման: Պատճառը ֆուտբոլիստի գործակալների ներկայացրած պահանջներն էին: Երկար քննարկումներից հետո, ի վերջո, տեղափոխությունը կայացավ, և իսպանական թիմի սոցցանցերը ռուսերեն լեզվով ողջունեցին Զախարյանի տեղափոխությունը:

Գործակալ Թիմուր Գուրցկայայի խոսքով, նման դեպքերում գործակալները մեծ դեր ունեն և շատ հաճախ խանգարում են ֆուտբոլիստների առաջխաղացմանը:

«Առհասարակ, «Դինամոն» այստեղ ամենաանհարմար վիճակում հայտնվեց՝ ցույց տալով բացառիկ  ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք. ի՞նչ իրավունք ունի նման մեծ ավանդույթներ ունեցող ակումբն իր գլխավոր աստղին բաց թողնել այդքան ցածր գնով: Գործակալներն էլ մեծ միջնորդավճար էին պահանջում, բայց նրանց ներկայացրած թվերը չէին կարող տրամադրվել 13 միլիոն եվրո տրանսֆերի դեպքում», — ասել է գործակալը:

Արսեն Զախարյանի՝ ուշադրության կենտրոն գալուց հետո, բնականաբար, հայտնվեցին խոսակցություններ հավաքականի ընտրության հարցում: Հարցազրույցներից մեկի ժամանակ նրա հայրը՝ Նորայր Զախարյանը հայտարարեց, որ չի խանգարելու որդու ընտրությանը: «Մեր տունը և՛ Հայաստանն է, և՛ Ռուսաստանն է: Թո՛ղ ընտրի», — ասել է Զախարյան-ավագը: Արսենն արդեն իրեն գերազանց էր  դրսևորել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, ինչից հետո ընտրությունը կատարված էր:

«2021 թվականի ընթացքում երկու առաջարկ եղավ, բայց ես գնացի Ռուսաստանի երիտասարդական հավաքական, խաղացի երիտասարդական Եվրո և անմիջապես հրավիրվեցի հիմնական թիմ։ Հետևաբար, ամեն ինչ տեղի ունեցավ այնքան արագ, որ ես նույնիսկ ստիպված չէի ընտրելու: Հիմնական պատճառը խաղային պրակտիկան էր: Հուսով եմ՝ կօգնեմ ազգային հավաքականին», — հայտարարել է Զախարյանը:

Ռուս-ուկրաինյան պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի հավաքականը զրկվել է միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից: Այժմ, ըստ շշուկների, Զախարյանի ներկայացուցիչները դիմել են ՖԻՖԱ՝ ֆուտբոլիստի քաղաքացիությունը փոխելու բացառիկ խնդրանքով: Ըստ կանոնակարգի, մեծահասակների հավաքականում պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը իրավունք չունի կրելու այլ հավաքականի մարզաշապիկ: Բայց, ստեղծված աննախադեպ իրավիճակը կարող է փոխել ամեն ինչ: Միանշանակ, Հայաստանի հավաքականը կշահի, եթե Արսեն Զախարյանը կրի մեր ազգային թիմի մարզաշապիկը: Պարզապես, չի կարող Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը օգտակար չլինել մեզ: Ամեն ինչ ցույց կտա ժամանակն ու…Արսեն Զախարյանը:

Նյութը՝ Ռոբերտ Գասպարյանի