Միակ հաստատությունը, որ կկարողանա միավորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին, եկեղեցին է․ Նորայր Պողոսյան

02 Ապրիլի 2024, 23:00

Քաղաքականություն

Բրբանք քաղաքի Սբ․ Ղևոնդյաց եկեղեցում Զատկի տոնի պատարագին մասնակցում էր մի քանի հազար մարդ, դրսում ևս բազմաթիվ մարդիկ կային։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի աշխատակից Նորայր Պողոսյանը։

«Վերջին 4-5 տարվա ընթացքում նկատում եմ, որ եկեղեցի այցելողների թիվը տարեցտարի ավելանում է։ Բայց պետք է նշել, որ այդ մարդկանց թիվն ավելանում է Հայաստանից եկողների, ինչպես նաև հայաշատ մյուս գաղթօջախներից եկողների հաշվին»,- հավելեց նա։

Նա ընդգծեց, որ մեր հայրենակիցները եկեղեցում իրենց հանգստությունն են գտնում, բացի այդ եկեղեցին այսօր նաև միավորող ուժ է։

«Այսօր այնպես է ստացվել, որ Արևմտյան թեմն իր տասնյակ եկեղեցիներով հանդերձ դարձել է հայության հոգևոր, կրթական, գիտական, մշակութային, գրական և բազմաթիվ այլ ոլորտների կենտրոնատեղին, ձգող հավաքատեղին։ Ուր գնան մարդիկ, եթե ոչ եկեղեցի։ Այն այսօր նաև միավորող ուժ է։ Եկեղեցում բոլոր արարողությունների ժամանակ մարդիկ մի կողմ են թողնում բոլոր տարաձայնությունները, շերտավորումները և դառնում են մի ամբողջություն։ Չկա մեկ այլ հաստատություն, որը կկարողանա այդկերպ միավորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին»,- եզրափակել է Նորայր Պողոսյանը։