Միակ հավաստի տեղեկությունը, որի վրա կարելի է հենվել, այն է, որ պայմանագիրը դեռ ստորագրված չէ. Նիկոլայ Սիլաև
10 Հունվարի 2024, 21:30
Alpha News-ի ուղիղ եթերում պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերություններիպետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ընթացող գործընթացները և նշել, որ կան որոշ խնդիրներ, և պայմանագիրը անընդհատ չի ստորագրում։
«Արտաքին ցանկացած դիտորդ, որ դատում է, թե արդյոք բանակցություններում առաջընթաց կամ հետընթաց կա, առաջին հերթին կդատի բանակցությունների բովանդակությունից, խաղաղության համաձայնագրի տեքստից: Իսկ այդ տեքստը անհայտ է արտաքին դիտորդին, ինչպես հայտնի չէ, թե ինչ քննարկումներ են ընթանում բանակցությունների ընթացքում։
Հետևաբար, միակ հավաստի տեղեկությունը, որի վրա կարող ենք հենվել, այն է, որ պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Անկախ նրանից՝ առաջընթաց կա, թե հետընթաց, այստեղ մենք լիովին ապավինում ենք բանակցություններին մասնակցող անձանց խոսքերին։ Եվ մենք այս խոսքերը օբյեկտիվ գնահատելու տարբերակ չունենք։
Ակնհայտ է, որ եթե պայմանագիրը մինչև հիմա ստորագրված չէ և հանրությանը չեն ներկայացնում արդեն ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածությունները, դա նշանակում է, որ բանակցություններն առնվազն փակուղում են։ Բանակցություններն այս վիճակում են վաղուց, բանակցությունների փուլերը ընդմիջվում են Հայաստանի վրա Ադրբեջանի ուժային ճնշումներով։ Եվ իհարկե, մեծ ռիսկ կա, որ այս վատ օրինաչափությունը կամ վատ հաջորդականությունը կշարունակվի։ Ես ենթադրում եմ, որ կողմերը դեռ չեն կարող համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե որտեղ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Ստորագրել այն ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, կամ ընտրել ինչ-որ միջազգային հարթակ, որտեղ այդ պայմանագիրը կստորագրվի։
Հասկանալի է, որ այս դեպքում խաղաղարարի դափնիները հասնում են այս բանակցությունների կազմակերպչին։ Եվ այստեղ խոսքը հասարակության կամ էլիտաների բացասական կամ դրական վերաբերմունքի մասին չէ, խոսքը միջազգային հեղինակության մասին է։ Այն երկիրը, որը հասել է խաղաղության պայմանագրի կնքմանը վաղուց թշնամացած երկրների միջև, դրանով իսկ բարձրացնում է իր հեղինակությունը միջազգային հանրության այլ մասնակիցների աչքում։ Թեեւ, իհարկե, շատ բան կախված կլինի նաև խաղաղության պայմանագրի բովանդակությունից»,- ասել է Նիկոլայ Սիլաևը։