Ադրբեջանն առաջին հերթին կողմնորոշվում է դեպի Թուրքիա, այլ ոչ թե Ռուսաստան. Ալեքսանդր Ցինկեր
25 Փետրվարի 2025, 21:30
Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ճգնաժամից, Արցախի նախկին ղեկավարների դատավարությունից, ինչպես նաև Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններից:
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ Ռուսաստանին ավելի շատ է պետք լավ հարաբերություններ պահպանել Բաքվի հետ:
«Դեռևս մենք տեսնում ենք շատ մեղմ արձագանք Մոսկվայի կողմից, դրանց հիմնականում հույս են հայտնում, որ մոտ ապագայում բոլոր թյուրիմացությունները կվերացվեն։ Ինձ թվում է, որ օգտագործելով խոցված ինքնաթիռի հետ կապված իրավիճակն, Ադրբեջանն այժմ փորձում է Ռուսաստանից հնարավորինս շատ պահանջներ կորզել, որոնք, հնարավոր է, հետո ներկայացվեն հանդիպումների ժամանակ։Ես չգիտեմ, թե դա ինչ կլինի, գուցե պահանջներ լինեն Հարավային Կովկասի վերաբերյալ, Հայաստանի հետ կապված, կամ ինչ-որ դիվիդենտներ Ռուսաստանից, բայց ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ նրանք օգտագործում են այդ պահը։
Ադրբեջանը ելնում է նրանից, որ Ռուսաստանին ավելի շատ է պետք լավ հարաբերություններ պահպանել Բաքվի հետ։ Հիմա Թրամփի (ԱՄՆ նախագահ) իշխանության գալուց հետո ուժի միջոցով խաղաղության հասնելու գաղափար է ի հայտ եկել, այսինքն՝ ուժի հաշվին փորձում են ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ ահա Ադրբեջանը փակեց «Սպուտնիկ» ռադիոն։ Այսօր Ադրբեջանն, օգտվելով այն հանգամանքից, որ հիմնական ուշադրությունը Ռուսաստանի և Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի խնդիրների ուղղությամբ են կենտրոնացած, փորձում է այդ աղմուկի տակ հասնել իր ինչ-որ միջանկյալ նպատակներին։ Ադրբեջանն առաջին հերթին կողմնորոշվում է դեպի Թուրքիա, այլ ոչ թե Ռուսաստան։ Եվ այս իրավիճակում միանգամայն հնարավոր է, որ սա ընդհանուր խաղ է», — ասել է Ցինկերը։
Ինչ վերաբերում է Բաքվում Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը, ապա փորձագետն ասել է, որ առաջին հերթին պետք է փոխվի Հայաստանի վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ:
«Նախ, պետք է փոխվի հենց Հայաստանի վերաբերմունքը, որովհետև առաջին հերթին Հայաստանն է շահագրգռված այդ հարցի լուծմամբ։ Բայց ես այնպես եմ հասկանում, որ հայկական ղեկավարությունն այդ թեմայով գրեթե չի արտահայտվում։ Իսկ եթե նրանք չեն արտահայտվում, ապա ինչու պետք է ինչ-որ այլ երկրներ մասնակցեն դրան։ Առաջին քայլը պետք է անի Հայաստանը, իսկ հետո մենք կտեսնենք, թե ինչպես են ինչ-որ երկրներ ներգրավվում այդ գործընթացում», — նշել է Ցինկերը։
Խոսելով Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների մասին՝ քաղաքագետն ասել է՝ միանգամայն հնարավոր է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ խաղաղության համաձայնագիր տեսնենք:
«Ես առաջին անգամ չէ, որ ուշադրություն եմ դարձնում, թե ինչպես է իրեն պահում Թրամփը։ Դրանք հաճախ ոչ թե քաղաքական, այլ բիզնես քայլեր են։ Այս իրավիճակում նա ինչ-որ հարցեր է լուծում Ամերիկայի համար, և եթե նա կարծում է, որ այսօր իրեն ձեռնտու է շփվել այն մակարդակով, որով տեղի է ունենում շփումը Ռուսաստանի հետ, ապա այն իսկապես պտուղ կտա մոտ ապագայում։ Նույնիսկ Մակրոնը (Ֆրանսիայի նախագահ) երեկ Թրամփի հետ հանդիպելիս նշել է՝ հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները կարող են դադարեցվել առաջիկա շաբաթների ընթացքում: Ուրեմն Թրամփը նրան էլ երևի ինչ-որ բանում համոզել է։ Եվ միանգամայն հնարավոր է, որ այս տարի մենք խաղաղության համաձայնագիր տեսնենք։ Եվ, ինձ թվում է, եթե այդ հարցը լուծվի, ապա դրան զուգահեռ Թրամփը կզբաղվի նաև Մերձավոր Արևելքի խնդիրների լուծմամբ, և շատ հնարավոր է, որ հետո հերթը հասնի նաև Հարավային Կովկասին», — ասել է Ցինկերը։
Փորձագետը նաև մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հավանականությունը: