Միայն ցեղասպանության ճանաչումը կարող է հաշտություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև. Հայաստանը՝ Սարկոզիի գրքում
28 Օգոստոսի 2023, 21:38
Օգոստոսյան արձակուրդի օրերին Ֆրանսիական գրական և քաղաքական աշխարհի անդորրը խախտել է Ֆրանսիայի 6-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի հուշագրությունների 3-րդ գիրքը՝ «Մարտերի ժամանակը»: Սարկոզին այնտեղ անդրադարձել է նաև Կովկասին, իր տեսակետն է ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ և այդ համատեքստում խոսել, թե ինչ դեր պիտի ունենա Ֆրանսիան: Այն տրամագծորեն տարբեր է գործող նախագահ Մակրոնի վարած քաղաքականությունից:
Գիրքը լույս է տեսել օգոստոսի 18-ին, որից հետո արժանացել է բուռն արձագանքների: Սարկոզիի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում առ այն, որ նա պրոպուտինյան հայացքներ ունի, քանի որ գրքում խոսել է, որ Ռուսաստանը կա և իր աշխարհագրական դիրքով տարածաշրջանից չի հեռանալու, հետևաբար, պետք է սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հետ և զրուցել ու փոխզիջման գալ:
Սարկոզին կարծում է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին: Նա հիշեցրել է, որ այդպես նա ժամանակին դեմ է եղել, որ Թուրքիա՛ն անդամակցի Եվրամիությանը:
«Եվրոպան հրաբխի եզրին է. այն ամեն պահի կարող է ժայթքել: Դիվանագիտությունն ու քննարկումների ճանապարհն ամբողջությամբ օգտագործված չեն, և հիմա հենց դրա ժամանակն է»,- նշել է Ֆրանսիայի նախկին նախագահը:
Նիկոլա Սարկոզին գրքի տարբեր հատվածներում մի քանի անգամ անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը: Պատմում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ընթացքում ունեցած տպավորությունների մասին.
«Այն, ինչ կրել են հայերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացարձակապես անասելի էր։ Թուրքերը նրանց բնաջնջել էին դիվային գործողություններով»,- «Մարտերի ժամանակը» գրքում նշել է Սարկոզին և շարունակել, որ 1915-ին տեղի ունեցածը մարդկության պատմությունից չջնջվող բիծ է:
Սարկոզին ընդգծել է, որ միայն ցեղասպանության ճանաչումը կարող է հաշտություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև: Նա պատմել է, թե ինչպես է Էրդողանի հետ լուրջ վեճի բռնվել Հայոց ցեղասպանության թեմայով և ընդգծել, որ մեկ դար առաջ կատարված այս սարսափելի ոճրագործության ճանաչման պարզ խնդրանքը Թուրքիայում դիտվում է որպես ամբողջ ազգի հանդեպ վիրավորանք.
«Ինձ համար սա անվիճելի կետ էր»,- նշել է Ֆրանսիայի 6-րդ նախագահը:
«Կովկասյան երկրներից Ֆրանսիային ամենամոտը Հայաստանն է: Այս երկրի հետ Ֆրանսիան միշտ բացառիկ հարաբերություններ է ունեցել: Այդ բարեկամությունը պատմության խորը արմատներ ունի, որը նաև կերտվել է ցեղասպանության ողբերգությամբ, երբ Ֆրանսիան ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի հյուրընկալեց իր հարկի տակ»,- մեջբերում գրքից:
«Մարտերի ժամանակը» գրքում Սարկոզին խոսել է նաև Ադրբեջանի և Վրաստանի աշխարհքաղաքական իրադրության մասին, անդրադարձ կատարել Շառլ Ազնավուրին, հայ-ֆրանսիական հարաբերություններում լեգենդար շանսոնյեի ունեցած դերի մասին: Ֆրանսիայի նախկին նախագահն իր առաջարկություններն է արել գրքում, թե Ֆրանսիան ինչպիսի դերակատարում պետք է ունենա տարածաշրջանում մեր օրերում եղած «մարտերի ժամանակ»:
Նշենք, որ Նիկոլա Սարկոզին աշխարհում ազգությամբ առաջին օտարազգի նախագահն է, որի նախաձեռնությամբ իր երկրում պաշտոնապես կատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն: 2012 թվականի ապրիլի 24-ից ամեն տարի Շանզելիզե պողոտայի «Երևան» պուրակում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ տեղի է ունենում 1,5մլն նահատակների հարգանքի տուրք, որին մասնակցում են Ֆրանսիայի իշխանության ներկայացուցիչները:
Տեղեկացնենք նաև՝ Նիկոլա Սարկոզի հուշագրությունների առաջին երկու հատորները՝ «Զբոսանքներ», «Փոթորիկների ժամանակը» գրքերը Ֆրանսիայում բեսթսելլեր են դարձել: Քաղաքագետների համոզմամբ՝ դրանց հաջողություն են բերել նաև նախկին նախագահի ընտրած վերնագրերը և նրա կուլիսային «գաղտնազերծումները», որոնք ժամանակին մամուլի հաղորդագրություններից ու տեսախցիկներից դուրս են մնացել:
Օրինակ՝ «Փոթորիկների ժամանակը» հատորում նա ընթերցողին պատմում է, թե ինչպես ստացվեց, որ մանեքեն, երգչուհի Կառլա Բրունին դարձավ իր երկրորդ կինը, ինչպես է փորձել նրան զերծ պահել բամբասանքներից, ու թե ինչ փորձությունների միջով են նրանք երկուսով անցնել:
Առաջին երկու հատորի աուդիո տարբերակները հնչում են հենց Նիկոլա Սարկոզիի ձայնով. այդպես նա ուղիղ երկխոսում է ֆրանսիացի ժողովրդի հետ, իրողությունները պատմում իր դիտակետից: