ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է Հայաստանի պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
22 Սեպտեմբերի 2023, 15:13
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ Կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ Կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:
ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին»,- ասվում է հայտարարության մեջ: