ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
03 Օգոստոսի 2023, 20:25
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ տալ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Բեգլարյանը 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից:
Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: