ՄԻԵԴ-ը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները

09 Օգոստոսի 2023, 18:00

Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է տրամադրել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից փոխանցում են, որ Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. օգոստոսի 16-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից  Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: Դուստրը՝ Վերա Խաչատրյանը փոխանցել էր, որ միայն գիտեն՝ հայրը Բավքի հիվանդանոցներից մեկում է: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»: Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: