ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի գործով վճիռը․ Ադրբեջանը պարտավոր է 13 000 եվրոյի փոխհատուցում վճարել
05 Հոկտեմբերի 2023, 21:44
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի գերեվարման գործով որոշում է կայացրել։ 168.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՄԻԵԴ մամուլի ծառայությունը։
Կարեն Ղազարյանը Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2018 թվականի հուլիսի 15-ին և ապօրինաբար դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։
«Դիմումատուները (Ղազարյանի ծնողները) վկայակոչել են, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածը (անվտանգության և ազատության իրավունք), և բողոքել են իրենց որդու ձերբակալությունից, կալանավորումից և դատավարությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 4-րդ կետում խախտում չի հայտնաբերել, ինչպես նաև խախտել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վճարել 10 հազար եվրո փոխհատուցում և ևս 3225 եվրո՝ դատական ծախսերի համար։