ՄԻԳ-ի դարաշրջանը. Միկոյանի ժառանգությունը ՄԱԻ ռեկտոր Միքայել Պողոսյանի աչքերով
07 Օգոստոսի 2025, 12:10
Արտեմ Միկոյանի կոնստրուկտորական դպրոցը շարունակում է ոգեշնչել նոր ինժեներների նոր սերնդին: Այս մասին ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Արտեմ Հովհաննեսի Միկոյանը դարձել է հայրենական ավիացիայի մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։ Նրա կազմակերպչական տաղանդն ու ինժեներական հմտությունը թույլ են տվել ստեղծել կոնստրուկտորական բյուրո, որը դարձել է «ՄԻԳ» կործանիչների հայրենիքը։ Այդ կործանիչը ոչ միայն ապահովել է երկրի անվտանգությունը, այլև ամրապնդել խորհրդային և ռուսական ավիացիայի միջազգային հեղինակությունը:
«Արտեմ Միկոյանի ղեկավարությամբ մշակված մեքենաներն առանձնանում էին առաջադեմ տեխնիկական լուծումներով, բարձր հուսալիությամբ և բացառիկ թռիչքային բնութագրերով», — ընդգծել է Պողոսյանը:
Նա նշել է, որ ՄԻԳ-29-ի և ՄԻԳ-31-ի ժամանակակից տարբերակները շարունակում են կատարել Ռուսաստանի օդային տարածքի պաշտպանության խնդիրները՝ մնալով մարտական արդյունավետության և տեխնոլոգիական գերազանցության չափանիշ: Պողոսյանը հատկապես կարևորել է Միկոյանի դերը՝ որպես մենթոր և առաջնորդ, որը դաստիարակել է տաղանդավոր մասնագետների մի ամբողջ խումբ։ Նա ստեղծել է ինժեներական մտածողության եզակի դպրոց, որը հիմնված է ոչ ստանդարտ լուծումների որոնման, նախագծման բարձր մշակույթի և ստեղծագործական մոտեցման վրա:
«Այսօր Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը պատրաստում է նոր սերնդի ինժեներներ, ավիացիոն ոլորտի ապագա առաջնորդներ՝ հիմնվելով Արտեմ Հովհաննեսի Միկոյանի ինժեներական դպրոցի սկզբունքների և ավանդույթների վրա», — նշել է ինստիտուտի ռեկտորը: