Միհրան Ծառուկյան. նոր սերնդի ձայնը
22 Սեպտեմբերի 2025, 22:16
Միհրան Ծառուկյանը հայկական ժամանակակից էստրադային երաժշտության,ինչպես նաև հեռուստատեսության վառ ներկայացուցիչներից մեկն է։ Ծնվել է 1987 թ. սեպտեմբերի 22-ին Երևանում։ Վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի նկատմամբ. սկզբում՝ պարի, ապա՝ երաժշտության։ Դեռ մանուկ հասակում հաղթել է սպորտային պարերի մրցույթներում, իսկ ավելի ուշ ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին, որտեղ ստացել է հիմնարար երաժշտական կրթություն:
Հանրաճանաչության ճանապարհը սկսվել է հեռուստասերիալներում նկարահանումներից: Նրա դեբյուտը «Դժվար ապրուստ» (2011) սերիալում դարձել է առաջին քայլը դերասանական կարիերայում, սակայն իրական համբավ է բերել Արսենի դերը «Full House» (2014–2019) սիթքոմում, որտեղ հանդիսատեսի կողմից սիրվել է՝ շնորհիվ իր խարիզմայի և բնական խաղի։ Դերասանական գործունեությանը զուգահեռ Միհրանն ակտիվորեն զարգացնում էր իր երաժշտական կարիերան։ Նրա «Հավատա» դեբյուտային ալբոմը լույս է տեսել 2012 թ., իսկ համանուն երգը դարձել է «Դժվար ապրուստ» սերիալի սաունդթրեքը։
Ծառուկյանը արտիստ է, որը չի վախենում փորձարկումներից։ Նրա ոճային և էմոցիոնալ տեսահոլովակները պարբերաբար զբաղեցնում են հայկական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Նա համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում՝ հավաքելով լեփ-լեցուն դահլիճներ և ամրապնդելով իր կարգավիճակը որպես Սփյուռքում ամենաճանաչված հայ կատարողներից մեկը։
Ի՞նչն է Միհրան Ծառուկյանին առանձնահատուկ դարձնում։ Դա ոչ միայն տաղանդն ու աշխատասիրությունն է, այլև հանդիսատեսի հետ իր լեզվով խոսելու ունակությունն՝ անկեղծ, առանց պաթոսի։ Նա այն սերնդի ներկայացուցիչն է, որը մեծացել է ավանդույթների և գլոբալիզացիայի խաչմերուկում, և կարողանում է հայկական ինքնությունը համադրել համամարդկային մշակութային ձևերի հետ։
Այսօր Միհրանը շարունակում է իր զարգանալ, մասնակցում է նոր նախագծերի, ձայնագրում է նոր երգեր՝ հավատարիմ մնալով իր ոճին։