Միջանցքի վերահսկողությունը հանձնելը նշանակում է կորցնել Հայաստանի անկախությունը. Օլեգ Ցարյով
21 Հուլիսի 2025, 22:52
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչի կարող է հանգեցնել Հայաստանի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը։
«Երկար ժամանակ Բաքուն Ռուսաստանի գործընկերներից մեկն էր, լավ հարաբերություններ ունեին, բայց ինչ-որ պահի նրանք հայտնվեցին Թուրքիայի ազդեցության տակ, և այժմ Կովկասում թուրքամետ և, հնարավոր է, նույնիսկ Մեծ Բրիտանիայի հետ Թուրքիայի միջոցով համաձայնեցված քաղաքականություն է վարում։ Ադրբեջանից ստացվող լուրերի համաձայն՝ նրանց վրա շատ լուրջ ճնշում է գործադրվել Թուրքիայի կողմից՝ դեմարշ անելու համար: Թուրքիան ցանկանում է Կովկասում զբաղեցնել Ռուսաստանի տեղը, դառնալ այն երկիրը, որի շուրջ կհավաքվի նախկին Խորհրդային Միության ողջ թյուրքական բնակչությունը, և Թուրքիան ցանկանում է գործել՝ սկսելով Ադրբեջանից։ Ուստի նրանց համար շատ կարևոր է այս միջանցքը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով և միացնի Թուրքիան ամբողջ թյուրքական աշխարհին»,- ասել է Ցարյովը:
Նրա խոսքով՝ Բաքվի բոլոր գործողություններն ուղղված են Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը։
«Ի պատասխան Ադրբեջանի հակառուսական հարձակումներին՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը: Իրավիճակը բավականին բարդ է։ Նրանք հասկանում են, որ Ռուսաստանի ձեռքերը կապված են Ուկրաինայում և օգտվել են դրանից՝ փորձելով մեր թիկունքում կարգուկանոն հաստատել և դուրս մղել Ռուսաստանին: Այժմ գայթակղության քարը «Զանգեզուրի միջանցքն» է: Հայաստանի տարածքով ադրբեջանական բեռների տարանցման երաշխավորը պետք է լիներ Ռուսաստանը, և, ամենայն հավանականությամբ, որոշակի պայմանավորվածություններ կային, հնարավոր է՝ գրավոր չամրագրված, բայց հաստատ բանավոր բազմիցս քննարկված։ Եվ որպեսզի ասեին՝ ոչ, Ռուսաստանը չի լինի այդ երաշխավորը, պետք էր որևէ հրապարակային սկանդալ կազմակերպել։
Մենք գիտենք, որ ամերիկյան ընկերությունն արդեն մեծ գումարների հույս ունի՝ կապված այդ միջանցքի բացման հետ: Նրանք հաշվարկել են, որ ամերիկյան ընկերությունը, որը կիրականացնի տարանցումը, տարեկան մոտ 20 միլիարդ դոլար կստանա։ Եվ այստեղ ծագում է ոչ միայն փողի, այլև քաղաքական հարց։ Եթե մինչև այսօր Կովկասում խաղաղության երաշխավորը Ռուսաստանն էր, ռուսական զորքերը, ապա հիմա, եթե ամերիկացիները թուրքերի հետ միասին մտնեն, ապա արդեն նրանք կտիրեն Կովկասում։ Այդ դեպքում և՛ Չինաստանը, և՛ թյուրքական պետությունները պետք է խոնարհվեն Թուրքիայի առաջ, որպեսզի տարանցման հետ կապված խնդիրներ չառաջանան»,- ասել է Ցարյովը։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավորի կարծիքով՝ եթե միջանցքի նկատմամբ վերահսկողությունը չլինի հայերի ձեռքում, ապա Հայաստանը ստիպված կլինի ամեն ինչ համաձայնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Հայաստանը վերածվում է Թուրքիայի արբանյակի, վերադառնում են այն ժամանակները, երբ հայերը թուրքահպատակ էին: Հիշենք Հայոց ցեղասպանության ժամանակները։ Եթե միջանցքի նկատմամբ վերահսկողությունը չլինի հայերի ձեռքում, եթե այդ միջանցքի մուտքի և ելքի մոտ հայ սահմանապահներ չկանգնեն, ապա, մի կողմից, Հայաստանը կտրվում է իր բարեկամ Իրանից, մյուս կողմից՝ հայտնվում անբարյացակամ պետությունների շրջապատում։ Այդ դեպքում նա ստիպված կլինի փոխել ամբողջ արտաքին և ներքին քաղաքականությունը, ամեն ինչ համաձայնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք վրեժխնդիր կլինեն հայերից։ Ուստի հույսը ոչ միայն ռուսական փափուկ ուժն է, այլ նաև այն, որ հենց Հայաստանում հասկանում են՝ միջանցքի նկատմամբ վերահսկողությունը հանձնելը նշանակում է կորցնել Հայաստանի անկախությունը։ Ալիևի բոլոր դեմարշները ցույց են տալիս, որ իրենց մոտ կստացվի»,- եզրափակել է Ցարյովը: