Միջազգային դատարանից հայցերը հետ կանչելով՝ ՀՀ-ն կկորցնի իր միակ լծակն Ադրբեջանի դեմ. Ռոբերտ Մարգարյան

06 Փետրվարի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ-ի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը շատ վտանգավոր թեզեր է առաջ քաշել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Երկուշաբթի օրվանից Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Վաշինգտոնում սկսվել են: Նա ներկայացրել է, թե հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ-ի հայ համայնքի հետ, սակայն դա հրավիրատոմսերով հանդիպում էր, և իրենք են ընտրել, թե ովքեր պետք է ներկա լինեն: Հանդիպմանը ներկա էին հիմնականում նրանք, ովքեր այս տարիներին համագործակցել են Փաշինյանի կառավարության հետ և կիսում են նրանց տեսակետը: ԱՄՆ-ի իրական հայկական համայնքի հետ հանդիպում Փաշինյանն ունեցել է 2019 թ-ի սեպտեմբերին: Եթե համարձակություն ունենային նման հանդիպում կազմակերպել, կասեի, այո, հայ համայնքը հանդիպել է նրան, սակայն, ինչպես նշեցի, բոլոր ներկաներն իրենց իսկ կողմից ընտրված մարդիկ են եղել:

Հանդիպման ընթացքում նա մի քանի թեզ է առաջ քաշել, թե պետք է 44-օրյա պատերազմից հետո մեր գաղափարախոսությունը փոխվի, Հայաստանը պետք է հենց իր պետության աշխատանքներով զբաղվի: Այս ամենը ոչ միայն հիմարություններ են, այլև շատ վտանգավոր ինքնախոստովանականներ»,- նշել է Մարգարյանը:

Խոսելով Միջազգային կրոնական ազատությունների համաժողովում Փաշինյանի ելույթի մասին՝ քաղաքագետն ասել է, որ ինչպես բոլոր համաժողովներում, այստեղ ևս նա ներկայացրել է իր «Խաղաղության խաչմերուկը»։

«Գրեթե բոլոր համաժողովներին նա իր «Խաղաղության խաչմերուկն» է ներկայացնում և փորձում մտավորականի կերպար ստանալ, բայց կարծում եմ՝ խելացի մարդիկ հասկանում են նրա ներկայացրած նախագծի անհեթեթությունը: Ինչպես հիշում ենք, նա խոսեց նաև միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու պատրաստակամության մասին: Բայց վստահաբար պետք է նշեմ՝ այն հայցերը, որ մենք ունենք Ադրբեջանի դեմ, շատ ավելի հիմնավորված են, քան հենց Ադրբեջանինը: Ալիևը վախենում է, որ կարող է շատ խիստ պատժվել իր արածների համար, դրա համար էլ պայման է դրել՝ ՀՀ-ն հետ է կանչում իր հայցերը, իսկ ինքն էլ դատի չի տալիս վերջին 30 տարում Արցախում տեղի ունեցածի համար: Դժբախտաբար, Փաշինյանը կրկին զիջումների է գնալու, և միակ լծակը, որ ունենք Ադրբեջանի դեմ, ևս կորցնելու ենք»,- նշել է Ռոբերտ Մարգարյանը։