Միջազգային հանրության դիրքորոշումը փոխվեց, երբ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. քաղաքագետ
02 Օգոստոսի 2023, 00:10
Ադրբեջանը բազմիցս կոպիտ սխալներ է թույլ տվել, բայց միջազգային արձագանքը համարժեք չի եղել, Վագիֆ Խաչատրյանի առեւանգման պարագայում եւս որևէ կոշտ քայլ դժվար է ակնկալել։
Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Վագիֆ Խաչատրյանի առևանգումը փոխել միջազգային հանրության դիրքորոշումը:
«Փաստն այն է, որ Լաչինի միջանցքը տևական ժամանակ է փակ է, բայց բանավոր կոչերից զատ, այլ բան չի կիրառվում: Ադրբեջանն իրեն լկտի է պահում շատ հստակ պատճառով: Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Այս ամենից հետո միջազգային հանրության դիրքորոշումը շատ լուրջ փոխվել է և նրանք զրկվել են կոշտ քայլերի դիմելու իրենց հնարավորությունից: Ադրբեջանը մինչ այդ նման քայլերի չէր դիմում, քանի որ Արցախը հատուկ կարգավիճակ ուներ, թեև հայկական չէր, բայց նաև ադրբեջանական էլ չէր: Հիմա հակամարտության բոլոր կողմերը համաձայնության են եկել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Ինչ կարող է անել միջազգային հանրությունը», ասել է նա:
Ըստ Մարգարյանի նույնը կարող ենք ասել ռուս խաղաղապահների մասին:
«Լավագույն դեպքում չեզոք կողմերը կարող են միայն կոչեր անել և վերջ»,- եզրափակել է նա։