Միջազգային հանրությունը չկարողացավ գործուն քայլերով կանխել ԼՂ-ի էթնիկ զտումը. Միրզոյան
10 Հոկտեմբերի 2023, 18:05
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․
«Հեռախոսազանգի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարնները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը:
Անդրադառնալով տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ»: