Հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակված

09 Հոկտեմբերի 2023, 13:50

Քաղաքականություն

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կմեկնեն նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը։

Նրանք Նիդերլանդներում կլինեն հոկտեմբերի 9-13-ը ներառյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նշանակված բանավոր լսումներին մասնակցելու, նախապատրաստական աշխատանքներ կատարելու և քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել։

Հայաստանի կառավարությունը դիմել էր միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»: