Միջազգային կարգի սպորտի վարպետ, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանել է 6 նոր ռեկորդ
07 Փետրվարի 2024, 20:14
Միջազգային կարգի սպորտի վարպետ, մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, Սևան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը 6 նոր ռեկորդ է սահմանել՝ թարմացնելով օրեր առաջ իր իսկ կողմից սահմանվածը։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմից հայտնում են, որ Վարազդատն այս անգամ մեջքով շրջված դիրքով բասկետբոլի զամբյուղի մեջ է նետել միանգամից միմյանց ամրացված 15 գնդակ` 2,5 մետր հեռավորությունից, որը հաջորդել է մեջքով դեպի զամբյուղը շրջված վիճակում իրար ամրացված բասկետբոլի 9 գնդակները զամբյուղի մեջ նետելու ռեկորդին։
«Մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը շրջված վիճակում իրար ամրացված ու զամբյուղ նետված գնդակներից յուրաքանչյուրը մի նոր ռեկորդ է համարվում։ Իսկ դրան ես հասել եմ համառության, մեծ ջանքերի գործադրման, իմ ուժերին հավատալու արդյունքում։ Այս նոր ռեկորդը ևս գրանցվել է Դյուցազնագրքում»,-ներկայացրել է Վարազդատ Հակոբյանը։
Վարազդատը, դեռևս 2019 թվականին 23 տոննա գնացքը միջնամատով քաշելով 3 մետր 57 սանտիմետր տարածությամբ, սահմանել է նոր ռեկորդ։
Հաջորդ ռեկորդը Վարազդատը փորձելու է սահմանել ինքնաթիռով։