Միջազգային փորձագետները մտահոգված են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հավանականությամբ
21 Հոկտեմբերի 2023, 18:45
Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։
Ամերիկայի Ձայն-ի փոխանցմամբ՝ Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հեռանկարը։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, մտքեր փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:
Հայտնի է, որ Բաքվից հետո Ջոշուա Հեքը կայցելի Թուրքիա, Հայաստան և Վրաստան։