Միջազգային քաղաքականության մեջ տեկտոնական տեղաշարժեր են, Հայաստանին վիճակված է լինելու զոհի դերում լինել. Օրդուխանյան
18 Հոկտեմբերի 2023, 21:30
Alpha News-ի ուղիղ եթերում քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը երկրի համար աղետալի ու ողբերգական է, և սա այն ճանապարհն է, որը Հայաստանը կտանի դեպի աղետ։ Մենք արդեն խոսում ենք Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյություն ունենալու մասին։
«Շատ դժվար է, բայց ամեն անգամ ես պետք է արտահայտություններս ընտրեմ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ սա սադրիչ հայտարարություն է, բայց ես կասեի, որ դա դավաճանական հայտարարություն է, առաջին հերթին՝ ճշմարտության հանդեպ, որովհետեւ Փաշինյանի ասած ամեն բան սուտ էր։ Ոչ ոք նրան չի դավաճանել, ոչ ոք չի լքել նրան։ Չեմ ուզում շատ խորանալ այս թեմայի մեջ, իմ կարծիքով, Պուտինն արդեն բացատրել է իրադարձությունների զարգացման նախապատմությունը։
Բայց մենք՝ ինքներս, հիմա տեսնում ենք, թեև Ռուսաստանում որոշակի տարակուսանք արտահայտեցին այս առնչությամբ, ոչ ոք չզարմացավ, որ այս ամենը տեղի ունեցավ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականությանը համահունչ։ Սա ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության շրջանակներում հարաբերությունները խզելու քաղաքականություն է, և ինչպես ես հասկանում եմ, սա այն է, ինչ նա է հայտարարել.
«Ես ցանկանում եմ հնարավորինս մոտ լինել Եվրամիությանը»։
Սա այն միտումն է, որը նա ընտրել և որին հետևում է։ Այստեղ ասելու շատ բան չկա, քանի որ, որքան հասկացա, այս միտումը Հայաստանում ընտրողների շրջանում որոշակի աջակցություն ունի, սարսափով եմ մտածում դրա մասին, բայց, ըստ երևույթին, սա Հայաստանի հասարակության և բնակչության ընտրությունն է։
Եթե դա այդպես է, ապա ես կարծում եմ, որ այդ դիրքորոշումը աղետալի ու ողբերգական է Հայաստանի համար, և եթե մարդիկ դա չեն հասկանում, ապա ինձ թվում է, որ սա այն ճանապարհն է, որը Հայաստանը տանելու է դեպի աղետ։
Մենք արդեն խոսում ենք, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ, Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն իրական գոյության մասին, քանի որ այս միտումներն ու այս կանխադրույթները, որ հիմա բարձրաձայնում է Փաշինյանը, Ռուսաստանում անպատասխան չեն մնա։ Եվ հիմա տեսնում եմ, որ Մոսկվան, նույնպես, արդեն որոշում է կայացրել` խզել Փաշինյանի հետ հարաբերությունները։ Ո՞ւմ հետ կմնա Հայաստանը, ի՞նչ կմնա նրան տարածաշրջանում, և հատկապես այն իրավիճակում, որ հիմա ստեղծվում է այնտեղ, ես նույնիսկ վախենում եմ մտածել։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց ինձ թվում է, որ մեզ դեռ շատ ողբերգական իրադարձություններ են սպասվում։
Վերջերս ես ասացի Չերչիլին վերագրվող մի արտահայտություն.
«Այն քաղաքական գործիչները և այն կառավարությունները, որոնք ընտրություն են կատարում խայտառակության և պատերազմի միջև, ստանում են և՛ խայտառակություն, և՛ պատերազմ»:
Սա Փաշինյանի իշխանության ապագան է։ Նրանք արդեն ստացել են խայտառակություն, և շուտով կստանան հերթական պատերազմը։ Բոլորս էլ հիանալի հասկանում ենք, որ Սյունիքի կամ Զանգեզուրի միջանցքը կապող թել է Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև։ Սա նույնիսկ ադրբեջանական նախագիծ չէ։ Ասեմ ավելին, որպեսզի հասկանամ ողջ ողբերգության մասշտաբները, սա արդեն նույնիսկ թուրքական նախագիծ չէ։ Իըրավիճակը կզարգանար մեր օգտին, բայց Փաշինյանը փչացրեց այդ ամենը»,- եզրափակել է քաղաքագետը։