Միջեկեղեցական աղոթք Նյու Յորքում՝ Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ

21 Նոյեմբերի 2023, 17:55

Հայեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան Հայոց Թեմ կատարած այցելության առիթով և նկատի ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին մասնակցությունը միջեկեղեցական շարժմանը և ունեցած լայն կապերը, Ազգային Առաջնորդարանը միջեկեղեցական աղոթքի արարողություն է կազմակերպեց Նյու Յորքի Սբ Լուսավորիչ մայր եկեղեցու մեջ: Վեհափառ Հայրապետի կողքին արարողությանը մասնակցել են Ամերիկայի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիելյանը և Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տոնոյանը:

Ինչպես հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, միջեկեղեցական աղոթքի մաս են կազմել նաև Նյու Յորքի բոլոր օտար եկեղեցիների ներկայացուցիչները:

«Հաւատացեալներու ներկայութեան տեղի ունեցած եկեղեցական այս արարողութիւնը խոր տպաւորութիւն թողուց ներկաներուն եւ առցանց հետեւողներուն վրայ: Եզակի երեւոյթ էր յատկապէս Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետին «Հաւատով խոստովանիմ» աղօթքի 24 տուներուն ընթերցումը 24 լեզուներով՝ ներկաներուն կողմէ։

Միջ-եկեղեցական աղօթքի աւարտին, առաջնորդ սրբազան հայրը խօսք առնելով՝ հրաւիրեց Վեհափառ Հայրապետը իր պատգամը փոխանցելու: Նորին Սրբութիւնը անդրադարձաւ միութեան ըմբռնումին ու հրամայականին, ինչպէս նաեւ միութեան գործնական արտայայտութիւն տալու միջոցներուն: Ան յատկապէս շեշտեց, որ ներկայ աշխարհին մէջ, երբ քրիստոնեայ հաւատքը վտանգուած է, անհրաժեշտ է մէկ կողմ թողուլ անցեալէն ժառանգուած դաւանական հարցերը եւ միջ-եկեղեցական գործակցութեան ճամբով հասարակաց կեցուածքներ որդեգրել քրիստոնէական հաւատքը վտանգող շարժումներուն նկատմամբ:

Արարողութենէն ետք, եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիմա եթերում