17,3 միլիոն դոլարի ներդրում՝ ՀՀ մեդիաոլորտում․ ծրագրի նպատակներն ու խնդիրները

11 Մայիսի 2023, 08:30

Կարծիք | Հայեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանը մայիսի 4-ին՝ մամուլի ազատության համաշխարհային օրը, հայտնեց ԱՄՆի կողմից ՀՀ մեդիաոլորտում 17,3 միլիոն դոլարի ներդրման մասին: Հայկական մեդիայի պատմության մեջ, սա, թերևս, ամենախոշոր ներդրումն է՝ ուղղված ոլորտի զարգացմանը:

AlphaNews-ը այս առիթով զրուցել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի հետ․

Հատկապես համավարակից հետո Հայաստանում շատ լրատվամիջոցներ մինչ օրս չեն «ապաքինվել»: Այդ իմաստով ի՞նչ նշանակություն կունենա այս ներդրումը հայկական մեդիայի զարգացման և վերականգնման գործում:

-Որքան տեղեկացված եմ, դեսպան Քվինն-ի կողմից նշված գումարը բաժանված է տարբեր ծրագրերի միջև, երկու ծրագիր իրականացվելու է ԱՄՆ դեսպանատան կողմից և վերաբերում է լրագրողական կրթությանը և մասնագիտական այցերին։ Մեկ մեծ ծրագիր, որի բյուջեն 15 մլն ԱՄՆ դոլլար է, իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Ինտերնյուս» ամերիկյան կազմակերպության կողմից մի շարք տեղական և միջազգային գործընկերների հետ համատեղ, որի շարքում նաև մեր կազմակերպությունն է՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։

Այո, սա մեծ ներդրում է իհարկե, սակայն պետք է հիշեցնել, որ ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր գործակալությունների, գործընկերների, դրմաշնորհառուների միջոցով 90-ականներից սկսած Հայաստանի մեդիադաշտի զագացմանն ուղղված մեծ ներդրումներ է կատարել։

Այդ իմաստով ձեր կողմից նշված ծրագիրը շարունակությունն է լրատվամիջոցների, լրագրողների, թվային պրոդյուսերների, մեդիա մենեջերների կարողությունների զարգացմանը, լրատվամիջոցներին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, հանրության մեդիագրագիտությանը և ընդհանուր մեդիադաշտի զարգացմանը ուղղված հետևողական գործողությունների։

Ի՞նչ նշանակություն է ունենալու այս ծրագիրը։ Նույնը, որը ունեցել են նմանատիպ ծրագրերը, որոնք ուղղված են եղել լրատվամիջոցների զարգացմանը, բայց, իրավիճակից ելնելով, հաճախ օգնել են գոյատևել, և զարգացումը դանդաղ է ընթացել, քան ցանկալի կլիներ։ Ամեն դեպքում, համոզված եմ, որ տրամադրված աջակցությունը լրատվամիջոցների կայունության համար մեծ նշանակություն է ունենալու։

-Թեմատիկ ինչպիսի՞ բովանդակություն (քաղաքականություն, հասարակություն, սպորտ) և սփռման ինչպիսի՞ միջոցներ (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր մամուլ, առցանց կայքեր) ունեցող լրատվամիջոցներին է տրվելու առաջնայնությունը: Արդյո՞ք ԶԼՄ-ները պետք է ունենան ՀՌՀ-ից տրված հեղինակավորում:

-Այս հարցի պատասխանը շատ պարզ է՝ որևէ սահմանափակում լրատվամիջոցների տեսակի, սփռման տարածքի, աշխարհագրության, չափի, թեմաների չի ենթադրվում։ Չնայած պետք է նշել, որ ծրագրի թիրախում են առաջին հերթին սոցիալ-քաղաքական ուղվածություն ունեցող լրատվամիջոցները, բովանդակությունը։

Ծրագիրը տարբեր բաղադրիչներ ունի, այդ թվում դրամաշնորհներ լրատվամիջոցների համար, սակայն նաև փորձագիտական աջակցություն ուղղված լրատվամիջոցների կարողությունների բարձրացմանը, մեդիագրագիտության տարածում, օրենսդրական դաշտի և ոլորտային քաղաքականության, այդ թվում՝ ինքնակարգավորման մեխանիզմների բարելավում։

Այսինքն, ծրագիրը ընդհանուր առմամբ հերթական համապարփակ ռազմավարությունն է, որը միտված է որակյալ և պատասխանատու լրատվամիջոցների համար բարենպաստ դաշտի ստեղծմանը։ Սա ծրագրի հակիրճ նկարագրությունն է։

Պահանջներ, որոշակի պայմաններ լինելու են իհարկե։ Օրինակ, դրամաշնորհները տրվելու են մրցութային կարգով, մեդիաբովանդակության ստեղծման, լրատվամիջոցի կայունություն ապահովելու և այլ նմանատիպ նպատակով։ Եվ մրցույթները, իհարկե, պայմաններ են ունենալու։

Արտառոց բան չկա սրանում, ավանդական մոտեցում է նմանատիպ ծրագրերում և քաջ ծանոթ է մեր լրատվամիջոցներին։

Ծրագրի մանրամասների մասին դեռ առիթ կլինի խոսելու, բոլոր պայմանները տարբեր ձևաչափերի վերաբերյալ բաց և թափանցիկ են լինելու։

Ավելացնեմ, որ ծրագրի մեկնարկի շնորհանդեսը կայանալու է հավանաբար հունիսին և շատ հարցերի պատասխաններ դեռ կտրվեն։

-Որոշ քաղաքագիտական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն, հատկապես այս ժամանակահատվածում, ցանկանում է ամրապնդել իր «փափուկ ուժի» քաղաքականությունը մեր տարածաշրջանում: Կա՞ արդյոք վտանգ, որ այն ԶԼՄ-ները, որոնք չեն ընդգրկվի այս ծրագրում, կքաղաքականացնեն այս նախաձեռնությունը։

-Ես առանց ժպիտի այս հարցին չեմ կարող պատասխանել։ Ես անձամբ գերադասում եմ փափուկ ուժը, կոշտի դեպքում, իհարկե կա վտանգ։

Միշտ կա վտանգ, որ ցանկացած հարց կարող է քաղաքականացվել, հատկապես մեր քաղաքականացված լրատվական դաշտում։ Բայց դա որևէ կապ չունի այս ծրագրի էության հետ։

Մեր կազմակերպությունը երկար տարիներ աշխատում է մեդիա զարգացման ոլորտում, և պետք է ասեմ, որ լրատվամիջոցների կամքը պիտի լինի որակյալ և պատասխանատու, տրված հնարավորությունները հանրությանը բազմակողմանի և անկախ տեղեկություններ տրամադրելու համար շատ մեծ դեր է խաղում ցանկացած ծրագրի հաջողության գործում։