Մինաս Ավետիսյան. Գույների մեծագույն վարպետ

20 Հուլիսի 2024, 23:56

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

1928 թվականի այս օրը՝ հուլիսի 20-ին, Ջաջուռում ծնվել է 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկը՝ Մինաս Ավետիսյանը:

Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր։ Նկարչի ծնողները հրաշքով են փրկվել 1915 թվականի կոտորածից։ Նրանք որդուն միշտ պատմել են այդ օրերի սարսափելի իրադարձությունների մասին։

Գեղագիտական կրթությունը Մինասը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952), հետո՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Այնուհետև 1953-ին տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։

Նկարչի պատմական կտավները լուռ հարգանքի տուրք են դարձել Հայոց ցեղասպանության անմեղ զոհվածների հիշատակին և մեծ հաջողություն ունեցել։

Մինաս Ավետիսյանը հանդես է եկել նաև որպես թատերական նկարիչ, օրինակ, նա ստեղծել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմանկարչությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։

Մինաս Ավետիսյանի անունը Հայաստանում առանձնակի հպարտությամբ են արտասանում։ Նա իր ողջ կյանքը նվիրել է արվեստին։ Նրա ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Գույների վարպետը ստեղծել է ավելի քան 500 կտավ՝ մեծ և փոքր, գրեթե նույնքան գծանկար, 20 մեծ որմնանկար և մեկ տասնյակ թատերական ներկայացումների դիզայն։

Նկարիչը կյանքից հեռացել է 1975 թվականի փետրվարի 23-ին։

Հիմա եթերում