Մինչ այս ժամը գյուղը շարունակում է շրջափակված մնալ ոչ թե թշնամու, այլ ՀՀ ոստիկանության կողմից․ Ասպրամ Կրպեյան

02 Մայիսի 2024, 22:15

Քաղաքականություն

Մեզ ապօրինաբար արգելեցին Կիրանց մտնել, և, ցավոք, չկարողացանք հանդիպել գյուղացիներին ու շփվել նրանց հետ։ Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Մեզ համար սահմռկեցուցիչ են այն կադրերը, որտեղ երևում են՝ ինչպես են ոստիկանները բռնի, բիրտ ուժ կիրառում գյուղացիների վրա։ Մեզ ապօրինաբար արգելեցին Կիրանց մտնել, և, ցավոք, չկարողացանք հանդիպել գյուղացիներին ու շփվել նրանց հետ։ Միայն մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը, ով Տավուշից է, կարողացավ անտառով գյուղ հասնել, և միայն նրա միջոցով ենք կարողացել տեղեկություն ստանալ տիրող իրավիճակի մասին։ Ինչպես գիտենք մինչ այս ժամը գյուղը շարունակում է շրջափակված մնալ, և այն շրջափակված չէ թշնամու կողմից, այլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հայկական անուն-ազգանուն ունեցող մարդկանց կողմից։ Մենք ժամեր շարունակ ոստիկանական պատնեշի մոտ սպասեցինք, որ հասկանանք՝ որքան պետք է շարունակվի այս ապօրինությունը, բայց, ըստ ամենայնի, նրանք ունեն հստակ հրահանգ՝ Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չտալ մտնել Կիրանց»,- նշեց Կրպեյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացը որևէ կերպ չի երաշխավորելու խաղաղություն։

«Այնտեղ սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթաց է տեղի ունենում, որը միակողմանի զիջումների, հայրենիքի հանձնման գործընթաց է։ Այս ամենը որևէ կերպ չի երաշխավորելու այն խաղաղությունը, որի մասին իրենք պարբերաբար խոսում են, այլ հակառակը՝ ավելի խոցելի է դարձնելու մեր պաշտպանական համակարգը, մեր Հանրապետությունը, քանի որ մենք խոսում ենք ՀՀ-ի ինքնիշխան տարածքի մասին, որը սկուտեղի վրա, այս օկուպացիոն հանցախմբի պարագլխի ձեռամբ նվիրվում է թշնամուն՝ Ադրբեջանին»,- եզրափակեց Կրպեյանը։

Հիմա եթերում