Մինչ ոգևորվելը պետք է մանրամասները ճշտել. Միխայիլ Սինելնիկով-Օրիշակը՝ ԱՄՆ-ի և Հայաստանի ռազմավարական գործընկերության մասին

12 Հունիսի 2024, 22:46

Քաղաքականություն

Քաղաքագետ, Ամերիկայի հարցերով փորձագետ Միխայիլ Սինելնիկով-Օրիշակը Alpha News-ին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը հարաբերությունները կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի։

Փորձագետի կարծիքով՝ այսքան ոգևորությունից առաջ պետք է հստակեցնել, թե կոնկրետ ինչ նկատի ունեն ռազմավարական գործընկերություն ասելով։

«Ի՞նչ են հասկանում ամերիկացիները ռազմավարական գործընկերություն ասելով: Հարկ է նշել, որ նրանք հիանալի են այն բանում, որ կարողանում են տարբեր պաթոսային ձևակերպումներ արտաբերել։ Պետք է ասել, որ Ռուսաստանի հետ կապված՝ 90-ականների սկզբին, նրանց կողմից շատ խոսքեր ասվեցին այն մասին, որ ամեն ինչ ռազմավարական է, որ ամեն ինչ միասին է, որ ամեն ինչ հիանալի կլինի։

Եթե նայենք այն փաստաթղթերին, այն ձևակերպումներին, ապա ապագան պետք է անամպ լիներ։ Դե, իսկ հետո ամեն ինչ սկսեց պարզվել, ամեն մեկն իրեն է ձգում, որովհետև նախ այդ բոլոր ձևակերպումները տարբեր կերպ էին նկատի ունենում, և երկրորդ՝ որոշ ձևակերպումների հետևում բացի բառերից ոչինչ չկար։ Այնպես որ, նախքան այդքան հուզվելը, լավ կլինի պարզաբանել, թե կոնկրետ ինչ են նրանք նկատի ունենում ռազմավարական գործընկերություն ասելով»,- ասաց Օրիշակը:

Նրա խոսքով՝ այս այցից առաջ ԱՄՆ-ն արդեն բազմիցս ուշադրության ինչ-որ խրախուսական նշաններ է ուղարկել Հայաստանին։

«Եվ դա անելու է դեռ որոշ ժամանակ: Բայց արդյոք ինչ-որ կոնկրետ բան կձևակերպվի Հայաստանի համար, օրինակ՝ ինչ-որ երաշխիքներ, թեկուզ անվտանգության, դա արդեն հարց է։ Ադրբեջանի հետ պատմության մեջ, այսպես թե այնպես, այս փուլում ինչ-որ վերջակետ կդրվի, բայց արդյոք այն չի վերածվի էլիպսիսի, արդյոք չեն առաջանա ինչ-որ անառողջ ախորժակներ Հայաստանի հարևանների մոտ, որոնք կարող են կրկին զինված հակամարտություն սկսել, դա ևս հարց է։ Այդ պատճառով առայժմ ես այդ ամենը դիտարկում եմ պարզապես որպես ԱՄՆ-ի հերթական հայտարարություն, որի նման դեռ շատերը կլինեն»,- եզրափակել է Օրիշակը։