Մինչև Հայաստանի իշխանությունները չցանկանան ինչ-որ բան անել, Եվրամիությունը ոչինչ չի անի․ Գևորգ Բագրատունի
18 Հունվարի 2024, 22:15
Տպավորություն է, որ Ֆրանսիան ու Ադրբեջանը խոսում են ինչ-որ տիեզերական մարմնի մասին, և մեջտեղում Հայաստան չկա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին։
«Եվրապառլամենտի անդամն էլ ցավով խոսում է Հայաստանի մասին, բայց իմանալով քաղաքականությունը՝ պետք է հասկանալ, որ Եվրամիությունը չի կարող կռվի դեպքում բռնել մեկի ուղղությունն ու դրանով առաջ գնա։ Նրանք պետք է մի քանի այլ պատգամավորների միջոցով նաև մյուս կողմին սիրաշահեն, որովհետև չգիտես՝ ինչ կարող է լինել։ Համենայնդեպս ես հասկանում եմ այսպես՝ նրանք ինչ-որ բան են անում, որ ցույց տան հայերին, թե նաև իրենց կողմից են, միայն Ադրբեջանի շահերը չեն առաջ տանում, բայց ես հավատացած չեմ, որ ինչ-որ բան կլինի։ Պատերազմի ժամանակ, երբ Բրյուսելում ցույցեր էինք անում, եկան ու մեզ ջրով հեռացրին։ Այն ժամանակ կարող էին շատ բան անել, բայց չարեցին, հարմար պահեր են եղել, որ կարող էին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, բայց էլի չեն արել։ Եվ հիմա, երբ Արցախն արդեն հայթափվել է, սկսել են հիշել, որ ինչ-որ Հայաստան կա և պետք է նրան օգնել»,- նշել է Բագրատունին։
Նրա կարծիքով՝ այս ամենն ընդամենը քաղաքական քայլ է հայերին սիրաշահելու համար, և նույնը Ֆրանսիան է անում։
«Ճիշտ է՝ Ֆրանսիան ընդունեց Ցեղասպանությունը, ասացին՝ ով կասի չկա Ցեղասպանություն, կդատենք, բայց հանդարտվեց ամեն բան և անցավ-գնաց։ Մենք եթե կարողանանք ծանրացնել մեր ցանկությունը Ադրբեջանի ցանկությունից, կշահենք։ Բոլորը կասեն՝ տեսեք ինչ է արել Ադրբեջանը, ամոթ իրեն ու սանկցիաներ կկիրառեն, բայց քանի որ այս պահին միայն Սփյուռքն ու հայերի մի ստվար զանգված է այս հարցերով զբաղվում, չենք կարող նավթ ունեցող պետության կշռից ավելի ծանր լինել։ Մինչև Հայաստանի իշխանությունները չցանկանան ինչ-որ բան անել, Եվրամիությունը ոչինչ չի անի»,- եզրափակել է Բագրատունին։